Մշակույթ

Կովկասի խաղաղ ապագայի մասին լրագրողական մրցույթ

aidaavetisyan

Երևանում անցկացվում է «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագա» խորագրով  երիտասարդ լրագրողների 6-րդ միջազգային մրցույթը, որին կարող են մասնակցել տպագիր մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությունում աշխատող երիտասարդ լրագրողները: Վերջիններս պետք է ներկայացնեն ստեղծագործական աշխատանքներ, որոնք միտված են տարածաշրջանի խաղաղությանն ու համագործակցությանը, ինչպես նաև  Ռուսաստանի հետ  բարիդրացիական հարաբերությունների  ամրապնդմանը:  

«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և այժմեականություն» խորագրով երիտասարդ լրագրողների վեցերոդ միջազգային  մրցույթը նպատակ ունի նպաստել Ռուսաստանի,  Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի և Հարավային  Օսեթիայի  ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը,  տարածաշրջանի երկրների միջև անաչառ տեղեկատվության փոխանակմանը։

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության պատմահրապարակախոսական ծրագրերի տնօրեն Լեոնիդ Մլեչինը ներկայացրեց մրցույթի երեք անվանակարգերի մանրամասները։ «Քանի որ այս տարի  մեզ համար նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի  70-ամյա հոբելյանով, ուստի առաջին անվանակարգը նվիրվում է պատմական այդ մեծ իրադարձությանը, և միրցույթին ներկայացվող բոլոր գրավոր և նկարահանված ու ձայնագրված նյութերը պետք էներկայացվեն կամ թարգմանված, կամ էլ զուգահեռ թարգմանությամբ:  Երկրորդ անվանակարգում նյութերը Եվրասիական տնտեսական համագործակցության մասին պետք է լինեն, քանի որ մեր երկրները գործընկերներ են այդ նոր կառույցում: Եվ երրորդ անվանակարգը մեր և Կովկասի ժողովուրդների բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների, դարավոր կապերի լուսաբանմանն ու այսօր որոշակիորեն  խարխլված այդ կապերի վերականգնմանն ու ամրապնդմանը պետք է ծառայի»:

Յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված  է երեքական մրցանակ  և ուղևորությունը Մոսկվա, որտեղ մրցանակակիրները հանդիպումներ կունենան պրոֆեսիոնալ լրագրողների ու մասնագետների հետ : Իսկ մրցանակները շնորհվելու են միայն ու միայն պրոֆեսիոնալ չափորոշիչներով, հավաստում են բանախոսները: Ասուլիսին ներկա լրագրողները հետաքրքվեցին նաև վերջին տասն օրերին  հայաստանյան սոցիալական  բողոք-ցույցերի մասին, ինչը որոշ ռուսական լրատվամիջոցներ նախապես փորձում էին ներկայացնել որպես  ուկրաինական Մայդան:

«Ռուսաստանի ժողովուրդը շատ քիչ է տեղեկացված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միայն գիտեն այն, ինչ հրամցնում են զանգվածային լրատվամիջոցները: Բոլորի մոտ էլ այնպիսի կարծիք կա, թե հայ-ռուսական  բարիդրացիական հարաբերությունները նույնպես վտանգվում են, ինչպես ռուս-ուկրաինականը»,- ասում է «Ռաշա  Թըդեյ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան  Ալեքսանդր Գուրնովը:

«ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Ձայնի իրավունք» ծրագրի հաղորդավար Ռոման Բաբայանի խոսքով էլ՝ Մոսկվայում, իրոք, մտահոգված են Հայաստանի դեպքերով, և չեն ցանկանում, որ տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում։

«Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը ցանկալի չեն շատ ռուսների համար, և այն ինչ տեղի է ունենում Հայաստանում շատ ռուսներ  վախենում են  հայերի համար: Չեն ցանկանում, որ հայկական տնտեսությունը դառնա ուկրաինական մեռած տնտեսության նման:   Սակայն այսօր արդեն բոլորս հստակ գիտակցում ենք, որ Հայաստանի բնակչության վրդովմունքը կապված է միայն էլեկտրաէներգիայի վարձավճարների թանկացման հետ»,- ասում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button