ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը վավերացրեց ռուսական վարկի պայմանագիրը. դրանով կգնենք ռուսական զինտեխնիկա

lenabadeyan

Այս ամառ պատգամավորներին որեւէ կերպ չի հաջողվում մեկնել ամառային հանգստի: Այսօր նրանք կրկին հավաքվել էին խորհրդարանում՝ արտահերթ նստաշրջանի: Այն հրավիրվել է կառավարության առաջարկով՝ օրակարգում ունենալով ընդամենը մեկ հարց է. Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրի քննարկում եւ վավերացում: Հատկանշական է, որ համաձյանգիրը կնքվել է մի քանի օր առաջ՝ հունիսի 26-ին՝ Երեւանում: Նախատեսված է 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկը ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար է: Վարկը տրվում է 13 տարով եւ արտոնյալ պայմաններով: «Նման հարաբերությունները պետությունների միջեւ շատ հազվադեպ են լինում»,- խոսելով վարկի առանձնահատկության մասին՝ նշել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Ռուսական վարկով Հայաստանի Զինված ուժերը ձեռք են բերելու այնպիսի զինատեսակ, որից երբեք չեն ունեցել: Վարկի վավերացման հարցը քննարկող պատգամավորներին հայտնի է, թե ինչի մասին է խոսքը, ձեռք բերվող զենքի ցանկը հավելվածով ներկայացված է պատգամավորներին, բայց քանի որ թիվ մեկ հավելվածը համարվում է գաղտնի, հետեւաբար դրանք չեն հրապարակվում։

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այս մասով հարկ համարեց պարզաբանել միայն հետեւյալը. «Ձեռք բերվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան նպաստելու է ընդհանուր ուժերի հավասարակշռության ապահովմանը տարածաշրջանում»։

Շատերին հետաքրքրում է նաեւ, թե ինչով է պայմանավորված հարցի քննարկման հրատապությունն ու դրսեւորված շտապողականությունը, երբ առանձին մեկ հարցի համար գումարվում է արտահերթ նստաշրջան: Ըստ պաշտպանության փոխնախարարի՝ երկու պետությունների կառավարությունների միջեւ այս գործընթացը վաղուց էր պլանավորված, ուղղակի ռուսական կողմի ինչ-ինչ ուսումնասիրությունների արդյունքում  ծրագրից հետ ընկան կես տարով: Սա իր հետ բերեց մի քանի վտանգ՝ կան զինատեսակներ, որոնց արտադրության համար անհրաժեշտ է մեկ տարի եւ ավելի, բացի այդ՝ սեպտեմբերին գները կարող են փոխվել եւ թանկանալ, եւ երրորդը՝ եթե մինչեւ 2017 թվականը Հայաստանը չհասցնի ծախսել այս արտոնյալ վարկն, ապա այն համարվելու է ժամկետանց եւ արտոնյալ պայմանի 3 տոկոսը անմիջապես դառնալու է 4,5 տոկոս:

Սա տարակուսանք առաջացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի մոտ, որը Հայաստանին ներկայացված պահանջները որակեց իբրեւ «դաժան»։ Այստեղ որեւէ սարսափելի բան պաշտպանության փոխնախարարն, ամեն դեպքում, չի տեսնում: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հավելում է՝ ձեռք բերվող ռուսական արտադրության զինամթերքը թանկ չի լինելու: Ասում է՝ «այդ զենքը ստանալու ենք գործարարանային գնով»:

Այս հարցում ընդդիմախոսների համար վերջին հակափաստակը բերեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: « Ադրբեջանին զենք են վաճառում ժամանակակից, շուկայական գներով, կանխիկ փողով, 100 տոկոս «պրեդոպլատայով», ամբողջ փողը վերցնում են՝ զենքը տալիս են: Մեզ զենք են մատակարարում եւ մատակարարում են այնպիսի պայմաններով, ինչպիսի պայմաններով մատակարարում են ռուսական բանակին: Այնպիսի պայմաններով, որով մատակարարում են ռուսական բանակից բացի միայն մեկ պետության՝ Բելառուսին, որը «սայուզնի» պետություն ա Ռուսաստանի համար»։

Այժմ այն մասին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ ռուսական 200 միլիոն դոլարանոց վարկից կառավարությունը նախատեսել է փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Այս վարկածի կողմնակիցները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ համաձայնագիրը Երեւանում կնքվել է հենց այն ժամանակ, երբ մեծ թափ էին ստացել հասարակական ընդվզումն ու բողոքի ակցիաները:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին հասանելիք գումարից որեւէ լումա չեն պատրաստվում տալ այլ խնդրիների լուծման: «Որեւիցե լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար։ Բացի այդ՝ համաձայնագրի առաջին հոդվածով էլ սահմանված է, որ այդ վարկը ՌԴ կառավարությունը հատկացնում է ռազմական արտադրության մատակարարումների համար, այսինքն միայն կարող է ձեռք բերվել ռազմական նշանակության արտադրանք, այն նպատակի համար, որը նշվեց, եղեք համոզված, որ դա այդպես չէ, եւ բացի այդ, առկա մարտահրավերները մեզ նման հնարավորություն չեն կարող տալ այլ ծախսեր կատարելու համար»,- ասաց Նազարյանը:

Քննարկումների ժամանակ նաեւ պարզ դարձավ՝ որպես պետական փաստաթուղթ համաձայնգիրը կազմվել է կամ շատ հապճեպ, կամ շատ անուշադիր: Հայերեն տարբերակում բազմաաթիվ են տառասխալները: Պատգամավոր Արամ Մանուկյանը սրտնեղեց՝ վավերացնելու դեպքում վավերացնելու են հենց այսպիսի սխալներով կնիքված փաստաթուղթը, որն անվանեց «ոտքի ծայրի վրա գրված»։

Բովանդակային, տնտեսական բաղադիչներից  դժգոհում էր Հրանտ Բագրատյանը: Հնչած մտահոգությունների մեծ մասը վերաբերում էր արտաքին պարտքի ծավալի մեծացմանը։ Բայց այս դեպքում նպատակն առավելի կարեւոր է, նշում էին պատգամավորները:

7 հարց գլխավոր զեկուցողին, 13 ելույթ, 5 խմբակցության կարծիքի հրապարակում եւ երեք նիստ: Աշխատանքային շուրջ 5 ժամից հետո պատգամավորներն ավարտեցին արտահերթ նստաշրջանը՝ վավերացնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը՝   98 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեց միայն «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ով պնդում էր, թե այս վարկի համար Հայաստանին նվաստացրել են:

Ցուցադրել ավելի
Back to top button