Միջազգային

Թուրքիայի մեջլիսը խոսնակ է ընտրել

Թուրքիայի մեջլիսը խոսնակ է ընտրել: Նոր գումարման խորհրդարանում այդ պաշտոնը կստանձնի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, պաշտպանության արդեն նախկին նախարար Իսմեթ Յըլմազը: Մեջլիսի խոսնակի պաշտոնում իրենց թեկնածուներն էին առաջադրել Թուրքիայի խորհրդարան մուտք գործած բոլոր 4 քաղաքական ուժերը:

Յըլմազն իր ելույթում, խոսելով առաջիկա նպատակների մասին, նշել է, որ դրանք շատ են ու հատկապես առանձնացրել նոր սահմանադրության ընդունման հարցը: Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրության ժամանակ առաջին երեք փուլերի արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ:

4-րդ փուլին մասնակցել են նախորդ փուլերի արդյունքում առավել շատ քվեներ ստացած ԱԶԿ-ական Իսմեթ Յըլմազն ու ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունից Դենիզ Բայքալը: Արդյունքում ձայների 258-182 հարաբերակցությամբ Յըլմազն առավելություն է ստացել և ընտրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ, հաղորդում է Ermenihaber-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button