Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan

«Նաիրիտ Գործարանի» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ու անշարժ գույքը գրավից կազատվի

Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ Գործարանի» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ու անշարժ գույքը գրավից կազատվի: Եթե կառավարությունն այսօր հաստատի նախագիծը, ապա էներգետիայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Միջպետական բանկին՝ կառաջարկի Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջել ՀՀ կառավարությանը:

Սողանքային հատվածները ուղեցույց կունենան

Հայաստանում 3000-ից ավելի տեղամաս սողանքային երևույթներ ունի: Սողանքների, այսպես ասենք, թիրախում են 230-ից ավել բնակավայր, գյուղատնտեսական հողատարածքներ, երկաթուղի և ավտոմոբիլային ճանապարհներ: Սողանքների առաջացման պատճառները, կանխարգելման ու հետևանքների նվազեցման աշխատանքները բազմաբնույթ են: Նախկինում գործող սողանքային աղետի կառավարման հայեցակարգին այսօր կմիանա նաև Սողանքների տեղամասերի գույքագրման և մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցը, որի նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն, մեթոդական ուղեցույցը հնարավորություն կստեղծի ունենալ միասնական տեղեկատվական բազա և ստանդարտացված մոտեցումներ: Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունում կարծում են, որ սա կնպաստի սողանքային աղետի կառավարման մակարդակի արդյունավետության բարձրացմանը: Համենայնդեպս, նախագծի հիմնավորման մեջ այսպես է նշված: Սողանքային գոտիներն ի դեպ, կրկին հիմնավորման համաձայն, ուղղակիորեն ազդում են աղքատության և արտագաղթի վրա:

Հանքարդյունաբերության ոլորտը կկարգավորվի

Վերջին տարիներին բնապահպանների քննադատության թիրախում հայտնված հանքարդյունաբերության ոլորտը շատ շուտով կկարգավորվի Ընդերքօգտագործման մասին օրենսգքրում առաջարկվող լրացումներով ու փոփոխություններով, որի նախագիծը կրկին կառավարության նիստի օրակարգում է ներառված: Մեր երկրում ընդերքօգտագործման արդյունքում առկա են 100-ից ավելի ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրեր, որոնք լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացնում, այդ թվում` հողերի դեգրադացիա: Ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերը ներկա վիճակով թողնելը զգալի բացասական ներգործություններ է ունենում շրջակա միջավայրի վրա, չի նպաստում բնական ռեսուրսների բանական օգտագործմանը: Կարծիքը նախագծի հիմանվորամն մեջ է ներառված: Նախագծի հեղինակները կարծում են, որ առաջարկվող փոփոխությունները առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալներ ու դրանց իրականացման համար նպաստավոր պայմաններ կստեղծեն:

Կհաստատվի Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը

Կառավարությունը կհաստատի նաև Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը: Նպատակը, ջրամբարների էկոլոգիական ներուժի օգտագործմամբ համապատասխանաբար Սևանա և Արփի լճերի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելն ու պահպանելն է:

Էդգար Գևորգյանը կնշանակվի ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար

Քաղաքաշինության նախարարությունն այսօր նոր աշխատակազմի ղեկավար կունենա: Էդգար Գևորգյանը կառավարության որոշմամբ, կնշանակվի ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար: Համենայնդեպս նշանակման նախագիծը կրկին կառավարության նիստի օրակարգում է:

Ցուցադրել ավելի
Back to top button