Հասարակություն

Սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն

sonahakobyan
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտերկրում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների,  տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարի նախատեսված է վերապատրաստում  6 ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, այոց պատմության և հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման: Ծրագրի բացմանը ներկա է եղել և մասնակիցներին ողջունել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով բարձր է գնահատել հայ ուսուցչի դերը՝ հատկապես օտարության մեջ:

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման հերթական ծրագիրը: Արդեն ավանդական դարձած ծրագրին այս տարի մասնակցում են  63 ուսուցիչներ՝ 15 երկրներից: Ապրելով և աշխատելով օտարության մեջ  սփյուռքահայ ուսուցիչները շարունակում են մնալ Հայաստանի կրթական համակագի մի մասը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը վստահ է, որ սա նաև լավագույն հնարավորությունն է սփյուռքի մանկավարժներին համախմբելու և առկա խնդիրները միասին քննարկելու առումով:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից: Եվ անգամ կան ուսուցիչներ, ովքեր 2-րդ կամ 3-րդ անգամ են մասնակցում այս ծրագրին: Նրանցից մեկը Սիրիայից ժամանած Տիգրանուհի Մարգարյան-Կարապետյանն է:

Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված են  լսարանային և պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաև  վարպետաց դասեր՝ բոլոր խմբերի ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկօրյա մանկավարժական գիտագործնական կոնֆերանս, որը այս տարվա վերապատրաստման ծրագրի նորությունն  է:

Կոնֆերանսի նպատակն է փորձի առավել արդյունավետ փոխանակում կազմակերպել տարբեր երկրների հայ ուսուցիչների միջև, ներկայացնել մանկավարժության ոլորտի մեթոդական նորարարությունները: Ի վերջո, հայերեն սովորելը պետք է լինի հետաքրքիր և մոդայիկ, նկատեց ԿԳ նախարարը:

Նշենք, որ ուսուցիչների ընտրությունը կազմակերպվում է հայտատարության տեսքով: Բայց  քանի որ կան համայնքներ, որտեղի ուսուցիչները  Հայաստան հասնելու խնդիր ունեն, նրանց համար վերապատրաստումն իրականացվում է տեղում:

Ցուցադրել ավելի
Back to top button