Տնտեսական

Սպասել աուդիտի արդյունքներին, խորհուրդ է տալիս ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը

lianaeghiazaryan

Սուրճի բաժակ չենք նայում, պետք է սպասել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության արդյունավետ կառավարման աուդիտի արդյունքներին, այսօր Մամուլի ազգային ակումբում ասել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:  Վարդան Այվազյանը չի բացառել բարձրացված սակագնի նոր վերանայումը, բայց նաեւ հիշեցրել, որ իրենց վստահելի մասնագետները հիմնավոր են համարում բարձրացումը: Արդյո՞ք նախագահի այս քայլերը ժամանակ շահելու համար չէին, հարց են ուղղել լրագրողները: «Ցուցարարներն ամեն պահի նորից կարող են փողոց դուրս գալ»,- հակադարձել է Այվազյանը։

Աուդիտից հետո էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը հնարավոր է վերանայվի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` միաժամանակ նաեւ շեշտելով, որ ՀՀ նախագահը չի կարող չեղարկել ՀԾԿՀ որոշումը, այն չես կարող վիճարկել անգամ դատարանում, այնպես որ՝ հնարավոր չէ հենց վաղվանից զրոյացնել բարձրացումը: Դեռ մոտ 6 ամիս կտեւի աուդիտը:

Ընդհանուր առմամբ՝ Այվազյանը «Ոչ թալանին» կամ հոսանքի թանկացման դեմ շարժումը շատ արդարացված է համարում: Իրոք, հասարակությունը խիստ անվստահությամբ է վերաբերվում այս համակարգին ու վստահ է, որ այստեղ կոնկրետ թալան կա: Իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանը հավատում է սակագնի բարձրացումն արդարացված համարող մասնագետների գնահատումներին, ասում է խորհրդարանականը, բայց կանչում է միջազգային աուդիտորների, քանի որ ժողովուրդն է ուզում փարատել իր կասկածները։ «Ասում է (ՀՀ նախագահը. խմբ.),  եթե թալանել են՝ թալանչիին պատժենք, գումարը վերականգնենք, եթե կազմակերպության ապաշնորհության պատճառով է, ազգայնացնենք, էլ ի՞նչ եք ուզում»,- նկատում է Այվազյանը։

Բայց արդյո՞ք նախագահի հայտնած կարծիքը, թե հոսանքի թանկացումը հիմնավոր է,  արդեն վճռորոշ չէ ու ժամանակ շահելու համար չէ: Եւ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մինչեւ սակագնի բարձրացումը չգնաց աուդիտի: «Նախագահն ասում է՝ ես համամիտ եմ, որ հոսանքի գինն արդարացված է, որովհետեւ ինձ մասնագետներն այդպես են զեկուցել: Հիմա իմ ժողովուրդն անվստահություն է հայտնում, մի հատ աուդիտ արեք»,- ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի հանրապետական նախագահը։

Վարդան Այվազյանը ՀԷՑ-ը գնելու գործարար Սամվել Կարապետյանի գործարքից տեղյակ չէ, Արմեն Աշոտյանի` ցույցին մասնակցելու քայլը անգամ անպատվելու գնով համարում է համարձակ քայլ: Ինքը ցույցի օրերին երկրում չի եղել, դժվարանում է ասել` եթե լիներ, կգնա՞ր ցույցին, թ՞ե ոչ: Բայց հեռվից հետեւել է կատարվածին, իր կուսակիցներն էլ իրեն իրենց հիացմունքն են փոխանցել երիտասարդների կազմակերպածի համար, ասաց Այվազյանը:

Ոստիկանների այդ օրերի քայլերը չգնահատեց, միայն նկատեց, թե այլ երկրներում կենտրոնական պողոտաներն այսքան փակել հնարավոր չէ: Այվազյանն ասուլիսի ողջ ընթացքում մի քանի անգամ կոչ արեց միանալ աուդիտին` ցուցարար երիտասարդներին, լրագրողներին, ընդդիմադիր թեւից հանդես եկողներին: Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքացիները դա անեն, որտեղ են մեր իրավապահ մարմինները, դատախազությունը, պրոֆեսիոնալները, քրեական գործ ինչո՞ւ չի հարուցվել, հարց հնչեց։ «Պրոֆեսիոնալներն ասում են` գնի բարձրացումն անխուսափելի է: Հանրային ընկալման մեջ սա թալանի հաշվին է: Հանրապետության նախագահը լուրջ  քաղաքական որոշում է կայացրել, ասել` տղերք, կանգնեցինք:  Այս ժամանակահատվածում կառավարությունը փոխհատուցելու է, հետո ում բռնեցինք` ասելու ենք փոխհատուցի կառավարության տվածը»:

ՀԷՑ-ի սեփականատեր «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը երեկ հայկական կողմին մեղադրեց ՀԷԿ-ում տիրող իրավիճակի համար: Հիմա կսկսվի միմյանց մեղադրելու քայլերը, Այվազյանը սպասում է դրան, բայց մեղքի հասցեատեր փնտրելիս սուրճի բաժակ չենք նայում, ասաց: Փաստը մեկն է` 860 մլն ԿՎՏ/Ժ հոսանք, որը մենք պետք է գնեինք 4 դրամով, գնել ենք 38 դրամով: Մեղավոր-ոչ մեղավոր` սա պարզելն արդյունավետ կառավարման աուդիտին է պետք թողնել, կրկնեց: Պետք է դուրս գանք հուզական դաշտից: Հարցեր ունեք` տվեք` ինչո՞ւ է ատոմակայանը 90 օրից ավելի կանգնել:

Երբ 2005-ին 30 տոկոսով դրամն արժեզրկվեց, ինչո՞ւ ոչ ոք չմտածեց հոսանքն էժանացնելու մասին, բայց հիմա միանգամից խոսում են թանկացման մասին: Այո, պիտի էժանացվեր, համաձայնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Թե ինչու չի էժանացվել, Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահին է պետք հարցնել: Այվազյանը դեմ չէ նաեւ, որ աուդիտի ենթարկվի նաեւ գազի գնագոյացման մեխանիզմը, քանի որ Հայաստանի սպառած հոսանքի 1/3-ը տալիս են ՋԷԿ-երը` գազով:

Խոսելով ընդհանրապես Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների աշխատանքների արդյունավետության մասին` Այվազյանը գնահատումներից ձեռնպահ մնաց, ծագումը կարեւոր չէ՝ ըստ նրա:

Ցուցադրել ավելի
Back to top button