Հասարակություն

Շարժումը մարում է. քաղաքագետ

lenabadeyan
«Շարժումը աստիճանաբար գնում է դեպի մարում». սյս եզրակացությանն է եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդրայնը՝ խոսելով «Ոչ թալանին» նախաձեռնության ներկա փուլի մասին: Հետեւելով վերջին օրերի իրադարձություններին նա ավելի շատ մատնանշում է սխալների վրա, որոնք թույլ է տվել թե այս, թե այն կողմը: Նաեւ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր պնդում է, որ Մայդանի հետ համեմատությունները անգրագիտություն էին: Թեեւ բողոքողների մեծ մասը արդեն հեռացել են, բայց քաղաքագետը պնդում է. բողոքը մնացել է մարդկանց մեջ եւ մի օր մի առիթով էլի դուրս կգա:

 

 

 

Միակ տարբերակը, որ հասարակության ձայնը լսելի դառնար, դա Բաղրամյան փողոցի փակումն էր: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ներկայացմամբ՝ պայքարող հատվածը հասկանում էր՝ օրերով եւ ամիսներով կարող էին մնալ Ազատության հրապարակում եւ ոչինչ չլուծվեր: «Ոչ թալանին» նախաձեռնությունն ուրիշ այլ նպատակով չէր փակում փողոցը: Վերլուծելով վերջին օրերի պայքարը Ալեքսանդր Իսկանդարյանը մի շարք բացեր է մատնանշում:

«Երիտասարդական եռանդը, խանդավառությունը եւ սրբազան բարկությունը, որ կար, բոլորովին բավարար չէ: Ես տեսնում եմ գաղափարների պակաս, քանի որ սակագնի չեղարկումը գաղափար չէ, տեսնում եմ ոչ թե կոչերի, այլ խելամիտ խոսքի պակաս, մեթոդիկայի եւ առաջնորդության պակաս»:

Այդպես չեն պայքարում, քաղաքացիական շարժումը չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա, եթե այս ամենը չկա, եզրակացնում է քաղաքագետը՝ այս օրերի պայքարի ամբողջ դինամիկան համեմատելով պատրաստվող ճաշի հետ:

«Եթե ճաշ եք պատրաստում՝ բորշ է դա, խորոված, թե հնդկացորենի շիլա, արդյո՞ք որոշվում է ընթացքում, թե ինչ եք ավելացնում ճաշի մեջ: Պարզ է չէ՞, դրանից ինչ է ստացվելու»:

Քաղաքագետի կարծիքով, պայքարող հատվածի մեջ որեւէ պառակտում տեղի չի ունեցել, քանի որ հավաքվածներն ի սկզբանե միասնական չէին: Բայց կատարվածը Մայդան անվանելը Ալեքսանդր Իսկանդարյանն անգրագետ է համարում, ասում է պատկերն ավելի նման էր Եգիպտոսի Տահրիր հրապարակի առաջին մեկուկես օրվան, երբ սոցիալական ցանցերի ակտիվ երիտասարդներն էին բողոքի ձայն բարձրացնում: Հետո արդեն այդ պատկերն էլ փոխվեց: Կովկասի ինստիտուտի տնօրենը բնական է համարում, որ սոցիալական հարցերով բողոքի ավելի շատ մարդ է հավաքվում, քան քաղաքական պայքարի համար, բայց մի համեմատություն էլ է անում:

2008-ին շատ ավելի մարդ կար, քան այսօր: Դա բացատրում է նրանով, որ նորանոր խնդիրներին հասարակության մի հատվածը արձագանքում է ոչ թե պայքարով, այլ՝ ապատիայով: Բայց ամեն դեպքում, ըստ քաղաքագետի՝ սոցիալական բողոքը միեւնույնն է, մնում է մարդկանց մեջ եւ մի օր կրկին մի առիթով դուրս կգա: Ներկա պահը վերլուծելիս քաղաքագետը համոզված է, որ հնարավոր 2-3 սցենարից ամենահավանականն այն է, որ շարժումը աստիճանաբար մարում է: Ինչ վերաբերում է «կենդանի պատ» հասկացությանն, ապա քաղաքագետը դա օգտակար է համարում, թեեւ համոզված է՝ առաջին սխալից հետո ոստիկանությունն այլեւս չէր պատրաստվում ուժ կիրառել:

Ցուցադրել ավելի
Back to top button