Վերլուծական

Կովկասում կավելանան իսլամական ծայրահեղական դրսեւորումները. արաբագետ

karenghazaryan
Իսլամական պետություն ծայրահեղական կազմակերպությունը մեկ տարվա գործունեության արդյունքում քաղաքակրթական մեծ վնասներ է հասցրել եւ նրա նպատակը տարածաշրջանը քրիստոնեաներից դատարկելն է: Այս մասին նշել են արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը՝ խոսելով իսլամական պետության մեկ տարվա գործունեության մասին եւ վկայակոչելով փաստը, որ այս կազմակերպությունն արդեն ազդարարել է Կովկասում իր կառույցի առկայության մասին: Արաբագետները մտահոգություն են հայտնել, որ տարածաշրջանում կավելանան իսլամական ծայրահեղական դրսեւորումները:

 

Մեկ տարվա ընթացքում Իսլամական պետությունը կարողացել է Իրաքում եւ Սիրիայում ընդլայնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները եւ ծավալվել: Սա նոր իրողություն էր ամբողջ աշխարհի համար, քանի որ ԻՊ-ն նոր նշաձող սահմանեց իսլամական ծայրահեղ արմատականների համար: Այսուհետ նրանք իրենց գործողություններն իրականացնելու են այդ պետության համար: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ Իսլամական պետություն  հայտարարելուց անմիջապես հետո, մուսուլմանական աշխարհում նկատվեց տարբեր իսլամական կառույցներից հավատարմության երդումներ հռչակված խալիֆին, որին անմիջապես հաջորդում էին խալիֆի կողմից այդ խմբավորումների վերահսկած տարածքներում վիլայեթների հաստատում:

«Այս պահի դրությամբ կա մոտավորապես 35 վիլայեթ մուսուլմանական աշխարհի տարբեր հատվածներում՝ Հյուսիսային Աֆրիկայից սկսած, Պակիստանով  վերջացրած»:

Վերջինը հունիսի 23-ին եղած հայտարարությունն էր՝ Կովկասում ստեղծված վիլայեթի մասին: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ ԻՊ-ն այդ կառույցի նկատմամբ հեռուն գնացող ծրագրեր ունի տվյալ տարածքում: Կովկասում գործող իսլամական կառույցները կստանան ռազմական, ֆինանսական ու այլ բնույթի աջակցություն ԻՊ-ից:

«Կարծում եմ իսլամական ծայրահեղական միտումներն էլ ավելի կակտիվանան, որովհետեւ իսլամական ծայրահեղական խմբավորումները պետք է ցույց տան, որ արժանի են այդ Իսլամական պետության «վարչատարածքային միավոր» հանդիսանալուն»:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձավ խնդրին, թե ինչպես են ԻՊ-ի գործոնն օգտագործում տարածաշրջանային տարբեր խոշոր խաղացողներ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի համար: Ըստ նրա՝ եթե Կովկասում, այսինքն՝ Ռուսաստանի հարավային շրջաններում որեւէ սադրանք լինի եւ կիրառվի ԻՊ-ի ատրիբուտ, ապա դա բավական կլինի, որ ամբողջ աշխարհը խոսի Ռուսաստանում ԻՊ-ի դիրքերի ամրապնդման մասին:

«Սա լուրջ հարված կլինի Ռուսաստանի համար, որը կստիպի այս երկրին, ենթադրենք, իր ռեսուրսների մի ահռելի բաժին ուկրաինական ճգնաժամից տեղափոխել եւ օգտագործել այս տարածաշրջանում»:

Արաբագետները նկատեցին, որ մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանի հարավային տվյալ շրջաններում կան բազմաթիվ հայեր եւ անգամ խուճապի մթնոլորտն էլ լուրջ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ տեղի հայության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button