Հասարակություն

Ինչ են ցույց տվել գազալցակայաններում անցկացված ստուգումները

aidaavetisyan
Վերջին ամիսներին գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններից հետո  վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հրահանգել էր լինել հետևողական՝ նման դեպքերի կրկնությունը  բացառելու համար: Նախարարն էլ  հայտարարել է, որ հանձնարարական է տրվել բոլոր գազալցակայաններում անցկացնել ստուգումներ և սահմանել խիստ հսկողություն:  ՏԿԱԻՆ պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփել է կատարված ստուգումների արդյունքները:

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը  ստեղծել է աշխատանքնային խմբեր, որոնք հունիսի երկուսից  ստուգումներ և ուսումնասիրություններ  են անցկացրել հանրապետության  գազալցակայաններում: Արդյունքում   111գազաալցակայան հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության,  տեխնիկական անվտանգության օրենքով նախատեսված պահանջները չկատարելու համար էլ պատասխանատվության է ենթարկվել 11 գազալցակայան, իսկ Կոտայքում և Երևանում  4 գազալցակայանի աշխատանք դադարեցվել է:

«Աշխատանքները շարունակվում են,  բոլոր գազալցակայանների ղեկավարներին տրվել են  կարգադրագրեր, որպեսզի իրենք վերացնեն իրենց մոտ եղած թերությունները, հակառակ պարագայում արդեն ավելի խիստ միջոցներ կկիրառվեն իրենց նկատմամբ»:

Գազալցակայանների աշխատանքը ժամանակավորապես  կասեցնելուց  հետո,  դրանց  նաև տուգանել են:  ՏԿԱԻՆ  պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ տարեկան մեկ անգամ գազալցակայանները պետք է անցնեն փորձաքննություն, իսկ օրենքի այս պահանջը չկատարելու դեպքում ենթարկվում են  մինչև   1-ի 2 միլիոն դրամ տուգանքի: Հրդեհային անվտանգության  կանոնները խախտած գաազակցակայանները տուգանվում են  մինչև 150 հազար  դրամով: Վերջին ստուգումների ընթացքում 11 գազալցակայան տուգանվել է  տեխնիկական փորձաքննություն չանցնելու  համար:

Վերջին ամիսներին գազալցակայններում գրանցված պայթյունների հիմնական  պատճառն, ըստ ՏԿԱԻՆ  պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետի, գազաբալոնների հնամաշ լինելն է: ՜կոնոմիկայի նախարարության կողմից գազաբալոն տեղադրող ընկերություններին տրվում է  լիցենզիա: Իսկ այդ ընկերություններն էլ    գազաբալոն տեղադրողին  պետք է տրամադրեն հավաստագիր, թե ինչ ժամկետներում է այն պիտանի  օգտագործելու, սակայն   Սերգեյ Հայրապետյանը շեշտում է, որ շատ գազալցակայաններում վերահսկողություն չի իրականացվում՝  արդյո՞ք վարորդն ունի այդ թուղթը:

Նման գազաբալոնները  չլիցքավորելու պատասխանատվությունը  պետք է կրի գազալցակայանների սեփականատերերը, դա բխում է նաև իրենց շահերից, ասում է Սերգեյ Հայրապետյանն ու շեշտում՝ քանի որ պայթյունների հետևանքով հիմնականում տուժում են  լցավորողները: Ստուգայցերի ընթացքում  շատ գազալցակայաններում  վստահեցրել են, որ լցավորումները չեն գերազանցում  մինչև 200 աստիճան մթնոլորտային ճնշումը, սակայն  ավտոմեքենաների գազալցման ճնշումային կայանները մտել են անիմաստ մրցակցության մեջ և խախտում են այդ պահանջը՝ ավտոմեքենաները լիցքավորելով 230-280 աստիճան մթնոլորտային ճնշման ներքո, ինչն էլ առաջացնում է տխուր հետևանքներ: Այստեղ  պետք է գազալցակայանի տնօրինությունը  լինի բարեխիղճ, նկատում է Սերգեյ Հայրապետյանը:

ՏԿԱԻՆ  պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նշում է, որ կառավարությանն առաջարկել են, որպեսզի գազաբալոնները դառնան արտադրական վտանգավոր օբյեկտներ  և մտնեն օրենքի դաշտ՝ արդյունքում տարեկան անցնելով փորձաքննություն: Իսկ այս պարագայում լցակայաններում պայթյունների թիվը կնվազի, վստահեցնում է Սերգեյ Հայրապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button