Հասարակություն

Այս տարի գիտնականները Սեւանում ձկնային պաշարների ուսումնասիրություն չեն անում

hasmikdilanyan

Մտահոգություններ՝ Սևանա լճում բազմացող ձկնատեսակների ու խեցգետնի պաշարների շուրջ:  ԳԱԱ Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնն այս տարի անգամ  ուսումնասիրություն չի կատարի՝ ձկնային պաշարների պատկերն արձանագրելու համար: Վերջին շուրջ տասը տարվա մեջ առաջին անգամ այս տարի բնապահպանության նախարարությունը տենդեր չի հայտարարել:  «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից փոխանցել են,որ  2015թ բյուջեով հատկացումներ նախատեսված չեն եղել:  ԳԱԱ Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը  նաև  հայտարարել է, որ ավանդաբար իշխանի բազմացման վայր  համարվող Լիճքն ու Կարճաղբյուր գետերում այժմ նույնիսկ  ձկները չեն կարողանում բազմանալ: Պատճառը փոքր հէկ-երն են ու…  ոչ միայն:

Ամեն տարի  գարնանը բնապահպանության նախարարությունը տենդեր  էր հայտարարում ու ԳԱԱ Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին  շուրջ յոթ մլն դրամ հատկացնում՝ Սևանա լճում ձկնային  պաշարների ուսումնասիրության համար:   Գումարը  բավարար չէր, կենտրոնն էլ էր ներդրումներ կատարում : Եվ այդպես, համատեղ ուժերով  մինչև տարեվերջ ավարտին էին հասցնում  հետազոտությունը:

Հաջորդ տարվա համար արդեն որսաշրջանի  արգելքի կամ որսի թույլտվության համար հիմք էին ընդունվում հենց Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ուսումնասիրությունները: Ավելին` ձկան պաշարների վերաբերյալ էլ տեղակտվության հիմքում կրկին նույն ինստիտուտի ներկայացրած արդյունքներն էին: Եվ սա ամեն տարի՝ վերջին տասը տարվա ընթացքում: Այս տարի, սակայն, կենտրոնը զրկվեց անգամ այդ փոքր գումարից:

Նախարարությունը տենդեր չի հայտարարել:  Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի  տնօրեն Բարդուղ   Գաբրիելյանը մտահոգ է՝ չգիտի, թե հաջորդ տարի բնապահպանության նախարարությունը ինչ տվյալներ է ներկայացնելու, երբ է սկսելու որսը կամ  երբ են այն արգելելու:

Թե ինչու  այս տարի տենդեր չի հայտարավել , փորձեցինք պարզել բնապահպանության նախարարությունից:  Մեզ փոխանցեցին՝  2015թ բյուջեում  գումարներ հատկացված չեն:

Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը  Սևանա լճում բոլոր ձկնատեսակների պաշարների աճ է նկատում, իշխանի վիճակն էլ  նորմալ է գնահատվում, սակայն  ձկնաբանը կարևորում է պատշաճ վերահսկողությունը,  մեզ մոտ որսում են անգամ սերունդ չտված ձկանը, մինչդեռ ամբողջ աշխարհում նման բան չկա:

Իշխանի մանրաձկան բացթողումը Սևանա լիճ լավ գործընթաց է համարում, բայց  ոչ արդյունավետ և միաժամանակ՝ թանկ։ Բացի այդ՝ ձկնաբանի խոսքով՝ Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձուկը մոլեկուլյար անալիզի չի ենթարկվում. «Այս տենդերով, երբ տարբեր տնտեսություններից գնվում է այդ մանրաձուկը, բազմաթիվ անգամ  ենք ասել, որ պետք է մոլեկուլյար անալիզի ենթարկվի, որովհետև չգիտենք, թե ի՞նչ ենք վերարտադրում, ի՞նչ տեսակի իշխան է, ո՞ր տեսակն է, արդյո՞ք մեր Սևանի իշխանն է, թե՞ հիբրիդներ են»,- ասում է  ձկնաբանը:

Ավանդաբար՝ իշխանի բազմացման վայր են համարվել Լիճքն ու Կարճաղբյուրը, այժմ, սակայն, այստեղ ձկները չեն կարողանում բազմանալ: «Կարճաղբյուրն ընդհանրապես հուն չունի, որ  բարձրանա այնտեղ, ձվադրի, որովհետև մի մասը  փոքր հէկ-ի խողովակով է մտնում, մյուս մասը՝ ցրված է անտառի մեջ, երրորդ մասն էլ տնտեսություններինն է»,-  ասում է Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Ավելի վատ վիճակում են կողակն ու բեղլուն»,- իր մտահոգություններն է փոխանցում ձկնաբանն ու հիմնավորում՝   եթե սիգի վերականգնման համար 4- 5 տարի է պետք, իշխանի համար՝ մինչև տասը տարի, ապա կողակի վերականգնման համար 20 տարի է պահանջվում։

Ցուցադրել ավելի
Back to top button