Հասարակություն

Այսօր դիվերսիայի զոհ դարձած Սարգիս Մովսիսյանը կդառնար 21 տարեկան

satikisahakyan
Այսօր Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցում բացվեց դպրոցի նախկին շրջանավարտ, անցած տարվա օգոստոսի 2-ին դիվերսիոն հարձակման զոհ Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը, որտեղ այս տարվա շրջանավարտներին հանձնվեցին ատեստատները: Այսօր Սարգիսը կդառնար 21 տարեկան: Դասարանը վերանորոգել են Սարգիս Մովսիսյանի դասընկերները: Ծննդյան օրվա կապակցությամբ դպրոցում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ:

 

 

Նախորդ տարվա օգոստոսի սկզբին թշնամու դիվերսիոն հարձակումներից զոհված  զինծառայողներից երեքն Արմավիրի մարզից էր՝ Արարատ Խանոյան,  Սարգիս Մովսիսյան, և Գոռ Գրիգորյան: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած Սարգիս Մովսիսյանն այսօր կդառնար 21 տարեկան: Ծառայության ավարտին  չորս ամիս էր մնացել, որ վերադառնար ու միանար հարազատներին, որոնք վերահաստատվել էին Ռուսաստանի դաշնությունում: Հայրը՝ Բարմեն Մովսիսյանն արցունքն աչքերին է  հիշում անցած տարվա դեպքերը: Սարգիսը ծառայում էր Մարտակերտի շրջանում և առաջնագծում պահում էր սահմանը, երբ 2014 թվականի օգոստոսի 2-ի գիշերը, ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան /Ասկերանի/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա ադրբեջանական կողմը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: Սարգիսը ստանալով հայրենասիրական դաստիարակություն մարտի է բռնվել հակառակորդի հետ, ծանր վիրավորվել է և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել:

Սարգիս Մովսիսյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող էր, երբ մեկնեց ծառայության, նա սիրում էր օգնել ընկերներին: Դասընկերուհին՝ Գյուլիզար Հակոբյանը, պատմում է, որ Սարգիսը կամ Սաքը  մարդամոտ էր, ընկերասեր  ու մեծ հարգանք էր վայելում ընկերների շրջանում:

«Ինձ բացակա չդնեք», այս մակագրությունը Սարգիս Մովսիսյանին նվիրված անկունում է գրված: Ընկերներն ու հարազատները համոզված են, որ Սարգիսը իրենց հետ է միշտ, դրանում համոզված է նաև հայրը:

Զինվորի 21-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ: Դպրոցի բակում տեղադրված ,, Կյանք՝ հանուն կյանքի,, զոհված զինվորի հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին և կատարվեց հոգեհանգստի կարգ:

Քաջելերանքի խոսք ասաց նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. ,, Սարգիսն այն երիտասարդներից էր, որունք իրենց  գործած հերոսության շնորհիվ լուրջ դաս տվեցին բոլոր նրանց, ովքեր ոտնձգության կկատարեն մեր հայրենիքի նկատմամբ,,:

Սարգիս Մովսիսյանի ծննդյան 21-րդ տարեդարձի կապակցությամբ Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի մի դասասենյակ վերանորոգվել է Սարգսի  դասընկերների միջոցներով և անվանակոչվել նրա անվամբ:

Կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը   ՀՀ և ԼՂՀ նախագահների հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button