Տնտեսական

Տնտեսական համաժողովում՝ պասիվ քննարկումներ, անպատասխան հարցեր

lianaeghiazaryan

Այսօր հրավիրված տնտեսական համաժողովը տեւել է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Դրա ավարտին չեն սպասել, սակայն հանդիպմանը մասնակցող նախարարները եւ ելույթների ու դրանց արձագանքների պասիվությունը դահլիճում ներկաներից մեկին հիմք է տվել հայտարարել` տպավորություն է, թե մասնակցում ենք  Հայաստանի տնտեսության հոգեհանգստին: Ինչեւէ, համաժողովը կայացել է, ու մասնակիցները խիստ մտահոգված հարցեր են ուղղել Էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարներին, նրանք էլ, սակայն, հեռացել են մինչ համաժողովի ավարտը:

Տնտեսական համաժողովի արդեն երկրորդ մասը շարունակվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ելույթով` էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման ուղիներից խոսելով: Հետագա զարգացման թեման մի կողմ թողած` դալիճում ներկաները ներկա խնդիրներին անդրադարձան:

Էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման մեջ ի սկզբանե գումար կա հատկացված, որ ուղղվի դրամ-դոլար փոխարժեքի հնարավոր տատանումներին, բոլոր սակավաջուր տարիներին Սեւանից ավելի ջրառ է կազմակերպվել, հոսանք արտադրող ՀԷԿ-երն օրեցօր են շատանում, գազն էլ չի թանկացել։ Ինչպե՞ս եղավ, որ մեկ տարում 250 մլն դոլարի պարտք է գոյանում, իսկ որտեղ էին Էներգետիկայի նախարարությունն ու մեր իրավապահները. հարց ուղղեց Արամ Գասպարի Սարգսյանը: «Արմգազպրոմը» գործում է մեր երկրի տարածքում, մեր երկրի կանոններով ու օրենքներով են շարժվում, ինչո՞ւ չկար համապատասխան վերահսկողություն, եթե նրանք են չարաշահում իրականացնողը»,- ասաց։

Զախարյանը հակիրճ եղավ, հորդորեց սպասել իրականացվելիք աուդիտի գնահատումներին, սեփական գնահատականները չհնչեցրեց: Հոսանքի գնի հիմքում ընկած գազի գնի վերաբերյալ պարզաբանումներն էլ պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից սպասել:

Հաջորդ հարցն էլ թեմայի մեջ էր: Հարցի հեղինակը մոտ 10 րոպե շարունակ տարբեր թվեր համադրեց, տարբեր երկրների փորձ մատնացույց արեց, տարօրինակ համարեց, թե ինչու է գազը տեղ հասցնելու միջնորդավճարը գազի գնին: «Կա ձմերուկ, որը մեզ տրված է 10 դրամով, մենք ուզում ենք վաճառել 20 դրամով: Գուցե 12 կամ 13 դրամո՞վ վաճառենք։ Սա է խնդիրը, որ հուզում է մեր քաղաքացիներին»:

Գուցե պետք է ետ գնալ ու հոսանքի աուդիտը գազի գնագոյացումը ստուգելո՞ւց սկսել, հարց հնչեց: Երկար հարցին` մի քանի բառով պատասխան, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շատ ցածր ձայնով արձագանքեց, կարիք չեմ տեսնում:

Երվանդ Զախարյանին չուղղված հարցով բայց ելույթում Զախարյանին ուղղված հարցով համաժողովը շարունակեց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: Նախ հայտարարեց` թե խիստ հիասթափված է  այս համաժողովից ու բացատրեց` ինչու։ «Տպավորություն է, որ մասնակցում ենք Հայաստանի տնտեսության հոգեհանգստին։ Այնպիսի վախեցած ելույթներ, զգուշավոր հայտարարություններ, թե պետք է սպասել: Եթե չեք (քննարկելու խմբ) տնտեսությունն այս ճգնաժամից դուրս բերելու ճանապարհները, լավ կլինի թողնել հեռանալ»։

Հայաստանի արեւային էներգիայի արտադրության ծրագրերին ծանոթանալիս՝ զարգացած երկրներն արձագանքում են` իսկ ո՞ւմ եք սպասում, որ չեք իրականացնում: Արեւային տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրաէներգիայի ստացումը նշանակում է տարեկան 400-500 մլն դոլարի անվճար էլեկտրաէներգիա, անցնցում սակագին, 3-5 անգամ էժան հոսանք, ատոմակայանի արտադրածից` 5 անգամ մատչելի, նոր տեխնոլոգիաներ, մանրամասնեց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը, ապա դահլիճին վկա կանչելով դիմեց Զախարյանին. «Ես ուզում եմ խնդրել պարոն Զախարյանին, որ դադարեցնեն պայքարը մեր հելիոֆիկացիայի ծրագրի դեմ: Ես ձեր ստացած գումարների կարիքը չունեմ: Տեսնելով, որ Հայաստանում հնարավոր չէ այս ծրագիրն իրականացնել, ես այսօր առաջարկում եմ հայկական արդյունաբերությունը կազմակերպել Սփյուռքում»:

Գյուղատնտեսության նախարարը գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը թվարկեց` հարկային քաղաքականությունից մինչեւ սուբսիդավորված վարկեր: Դահլիճից արձագանք-հարց ուղղողը գյուղի վիճակն այլ աչքերով էր տեսնում: «Կարծես խոսքը Սինգապուրի մասին է կամ զարգացած երկրի: Երկիրը սնող մեր գյուղն իրականում ապրում է մարման ռեժիմով, ո՞ւմ եք իրականում ուղղում ձեր ծրագրերը»,- հարց ուղղվեց Սերգո Կարապետյանին:

Նախարարն էլ հանգիստ ընդունեց` խնդիրները կան, իրենք էլ գիտեն, օրենք են մշակում: Աշնանը, օրինակ, խորհրդարան կմտցնեն կոոպերատիվների մասին օրենքի նախագիծը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հիշեցրեց իրենց ծրագրային ուղղությունները: Վստահաբար շեշտեց, որ վերջին տարիների աշխատանքների արդյունքում առաջընթացը նկատելի է. անհրաժեշտ են նոր մոտեցումներ նաեւ զբաղվածության ոլորտում:

Ասատրյանն առանց հարցերի ավարտեց իր մասնակցությունը համաժողովին: Նրա տեսական ելույթը բանավեճի թեմա չդարձավ: Դահլիճից հարցեր չուղղեցին նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանին, ով երկարաժամկետ զարգացման նոր ծրագրի մոդելի ընտրության մասին էր խոսում: Դահլիճի մտահոգությունների կենտրոնում Երվանդ Զախարյանին ու Սերգո Կարապետյանին առնչվող ոլորտներն էին: Բայց իրենց ելույթներից հետո վերջիններս հեռացան` մինչ համաժողովի ավարտը:

Ցուցադրել ավելի
Back to top button