Հասարակություն

Վաղվանից մեկնարկում է ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը, այդ առթիվ այսօր պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ։ 

«Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանում և տարածքային զինկոմիսարիատներում հուլիսի 1-ին կկազմակերպվեն հանդիսավոր միտինգներ: Զորակոչի առաջին օրը լրագրողները կարող են լուսաբանել Երևանի տարածքային զինկոմիսարիատներում և Կենտրոնական հավաքակայանում: Լրագրողների մուտքն ազատ է:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button