ԿարևորՀասարակություն

Պերմյակովի գործի վարույթը հանձնվում է ՀՀ իրավապահներին

ՀՀ  և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։

«ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից: Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝  ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով,  ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ: Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ:

Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:

Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ  հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների  միջոցով»,-ասվում է կայքում։

Back to top button