Հասարակություն

Պայքարը մտնում է նոր փուլ, ասում է «Ոչ թալանին»

arminegevorgyan

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ, շարունակում են պայքարը շատ ավելի լայն ֆորմատով. կլինեն հանրային քննարկումներ և կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաև տնտեսագիտական խմբեր։ Միաժամանակ` շարունակվելու է փողոցային պայքարը։ Համակարգող խորհրդի անդամների կարծիքով` Բաղրամյան փողոցում կանգնելը պետք է լինի արդարացված ու քայլերն էլ կոնկրետ ու համակարգված:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այս պահին քննարկում է ընդունե՞լ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը, թե՞ ոչ: Վերջին օրերին առաջին անգամ ողջ կազմով հրավիրված ասուլիսում շարժումը պնդեց՝ հանդիպման պայմանը մնում է ուժի մեջ:Ու արդեն անդրադառնալով իրենց հետագա 7 օրվա պայքարի արդյուքներին ասացին՝ «Ոչ մի պառակտում կամ հակառակ կարծիքներ չեն եղել, ուղղակի մի մասը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում, մյուս մասը գնաց Ազատության հրապարակ` շարունակելու քննարկումները»։

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը նշեց, որ իրենց խմբի անդամ Վաղինակ Շուշանյանի հայտարարությունը Բաղրամյան պողոտայում մասնակի է ընկալվել, քանի որ ինչ-որ մի խումբ, որոնց մինչ օրս չէին տեսել, սկսեց սուլել ու բղավել «ամոթ»: Նախաձեռնության անդամները վստահեցնում են` իրենք հայտնաբերելու են այն մարդկանց, որոնք այս օրերի ընթացքում փորձում էին պառակտում մտցնել Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում կանգնածների միջեւ:

Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ Բաղրամյան պողոտայում իրենց անընդհատ լինելը բավականին բարդեցնում էր շարժումն այլ տեսանկյունից տեսնել հանգամանքը։ «Մենք հասկացանք, որ այլ հարթակում պետք է պայքարը սկսենք` միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնի։ Մեզ պետք են կոնկրետ մասնագետների խորհուրդներ, մեզ պետք էր հասկանալ` այն մանիպուլյացիաները, որ արեց երկրի ղեկավարը, կա՞ կառչելու տեղ, կամ արդյո՞ք սա ուղղակի աբսուրդ էր: Իսկ առանց հանրության օգնության մենք ոչինչ չենք կարող անել»:

Նախաձեռնությունը այլեւս չի հանդիսանում Բաղրամյան պողոտայում որպես համակարգող խումբ, այլ միայն համագործակցելու է այնտեղ հավաքվածների հետ որպես սովորական քաղաքացիներ: Ի դեպ՝ «Ոչ թալանի» անդամ Մաքսիմ Սարգսյանը նաեւ ապատեղեկատվություն համարեց այն, թե իրեն վախեցրել են, որ հետ կանգնի շարժումից ու ապատեղեկատվություն համարեց նաև այն համակարգող խորհդի անդամները վիճել են միմյանց հետ: «Եթե ես վախեցող լինեի, չէի մտնի պայքարի մեջ»,- ասում է։

Նախաձեռնության անդամները ևս մեկ անգամ պնդեցին՝ նախագահի առաջարկած լուծումն իրենց չի բավարարում, այնուամենայնիվ, անընդհատ Բաղրամյան պողոտան փակ պահելով ևս հարցի լուծում չեն տեսնում: Կշարունակեն պայքարել։ Եթե աուդիտի արդյունքները չգոհացնեն, խոստանում են կրկին փողոց փակել:

Ցուցադրել ավելի
Back to top button