Տնտեսական

Մեկնարկել է «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին.

Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր և համաժողովի մասնակիցներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում և հայտնել անկեղծ գոհունակությունս` երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական և քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար: Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկումով, և որ առանձնահատուկ կարևորում եմ, անշահախնդիր մասնակցության և կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից:

Վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝

Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում և տարածում:

Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների և այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:

Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են:

Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ:

Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:

Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի:

Ես ամենայն լրջությամբ և հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, և ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ և շտկումներ մտցնել:

Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ և գիտելիքների պաշարով, գիտական և հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի:

Ես կողմնակից եմ մտածված ու հետևողական աշխատանքի: Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում: Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը և ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները:

Համաժողովի օրակարգը բավական հագեցած է և համապարփակ: Այսօր մենք մտքերի ակտիվ փոխանակության հնարավորություն կունենանք տնտեսության հիմնական ոլորտների և ճյուղերի, տնտեսական աճի հիմնական շարժիչների մասով:

Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից:

Այս նպատակով էլ մակրոտնտեսական տեսակետի հետ մեկտեղ այսօրվա համաժողովի օրակարգային թեմաներից է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումը: Համոզված եմ՝  տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ: Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ և կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ:

Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների:

Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թ. օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ:

Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել:

Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման: Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովին ձեր մասնակցության համար և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button