Հասարակություն

ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի մինչեւ հուլիսի 10-ը

hasmikdilanyan
«Կարծում եմ ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրել է մեր քայլերի մասին, կարծում եմ, որ իրենք բավարարված պետք է լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, «Լուծումը շատ ճիշտ էր,  և այն անվստահությունը, որ կար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նկատմամբ, մենք ապագայում կփորձենք աուդիտների միջոցով հանրությանը մանրամասն ներկայացնել: Դրանից հետո կխոսենք հասարակության հետ»:

Կառավարության ղեկավարը հստակեցրել է՝ մինչև աուդիտի ավարտը գումարները կվճարվեն՝ ոչ պետական բյուջեի հաշվին: Թե ինչ աղբյուրներից, դեռ չի հստակեցվել: Կառավարությունում չկա ու դեռ չի կարող լինել քննարկում, կփոխվի արդյոք, Հայաստանի էլէեկտրական ցանցեր ընկերության սեփականատերը, թե՞ ոչ,- «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Սպասենք, քննարկումների, ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, և մենք մեր քայլն ու խոսքը կասենք»: Անդրադառնալով հարցին, թե երբ հայտնի կդռանա, թե որ կազմակրեպությունն է աուդիտ անցկացնելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում, կառավարության ղեկավարը նշել է, որ  մինչև հուլիսի տասը պայմանավորվածություն ձեռք կբերվի, իսկ վերջնական արդյունքները պարզ կլինեն հուլիսի մեջ:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ նշել է, որ ՀԷՑ-ի ազգայնացման հետ կապված կոնկրետ քննարկումներ կլինեն աուդիտից հետո: Զախարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, բոլոր հարցերի պատասխանները կտրվի արդեն աուդիտից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button