Հասարակություն

Հայ և հորդանանցի ուսանողներին տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրվի

sonahakobyan
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային: Հանդիպման շրջանակներում կողմենրը կնքել են փոխանակման ծրագիր` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2015-2020թթ. համար»: Համաձայնագրով կողմերը տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության ոլորտներում արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, որոնց, անհրաժեշտության դեպքում, կնախորդեն լեզվի դասընթացները:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը ամրապնդում են բարեկամական կապերը կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում: 2015-2020թթ. համար նախատեսված հուշագրով կողմերը կաջակցեն երկու երկրների համալսարանների և գիտական ու հետազոտական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության ոլորտներում արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, ներկայացնելով ծրագրի առանձնահատկությունը նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան էլ իր հերթին կարևորելով այս երկկողմ հուշագիրն ու համագործակցությունը՝ նշեց, որ Հորդանանում ներկայում սովորում են ավելի քան 50 ազգությունների ներկայացուցիչներ:

«Մենք ուրախ կլինենք Հորդանանում տեսնել  նաև բազմաթիվ հայ ուսանողների, քանի որ Հորդանանում մենք ունենք միջազգային ուսանողական մթնոլորտ, միջազգային կրթական համակարգ: Իհարկե մենք ցանկություն ունենք էլ ավելի ընդլայնելու օտարերկրյա ուսանողների քանակը : Կարծում եմ նմանատիպ համաձայնագրերի ստորագրմամբ կողմերի միջև ստեղծվում է նաև յուրահատուկ  մշակութային կամուրջ»:

Ռադիոլուրի հարցին, թե ինչու են համագործակցության ծրագրում ընդգրկվել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, և բժշկության մասնագիտությունները, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ 3 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում ի մի են բերվել ընդհանուր հետաքրքրութունները և ըստ այդմ է ընտրվել մասնագիտությունների ցանկը:  Նշենք, որ փոխադարձ կապերը ամրապնդելու, փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ կողմերը կկազմակերպեն նաև փորձագետների խմբի տարեկան փոխանակում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button