Հասարակություն

Ինչպես խուսափել անտառային հրդեհներից

aidaavetisyan

Հանրապետությունում  վերջին օրերին արձանագրված բարձր ջերմաստիճանը կտրուկ բարձրացրել է անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Համայնքնրի սեփականություն հանդիսացող  ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական  մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող  հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային  տարածքներ՝ մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: ՏԿԱԻՆ-ից հորդորում են` ամառվա շրջանում  զգոն լինել խոտածածկ տարածքներում խարույկ վառելուց  և ուշադիր լինել, որ այն մարվի մինչև վերջ:

Հանրապետությունում վերջին օրերին արձանագրված բարձր ջերմաստիճանի պայմաններում անտառային և խոտածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:  ՏԿԱԻՆ պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը հնարավոր բռնկումներից խուսափելու համար  հորդորում է ազգաբնակչությանը, հատկապես ամառային հանգիստը քաղաքից դուրս նախըտրողներին, խոտածածկ  վայրերում  խարույկ վառելուց հետո  ուշադիր լինել, որ այն մարվի մինչև վերջ:

Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ վերջին 10 օրերին խոտածածկ տարածքներում արձանագրվել են հասարակության անփութության արդյունքում առաջացած բռնկումներ: Ամեն օր գրանցվում է նման դեպքերի մեկ տասնյակից ավելի ահազանգ, ասում է Սերգեյ Հայրապետյան  ու օրինակ բերում վերջերս Մեղրիում այրված մոտ 60 հեկտար  անտառամերձ խոտածածկ  տարածքն ու Կապանում մոտ 12 հեկտար տարածքը: Երևանում նույնպես արձանագրվել են նման դեպքեր:

Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ դեռևս հստակ հաշվարկներ չեն կատարվել, թե արդյունքում  վերջին 10 օրերին  քանի հեկտար խոտածածկույթ է այրվել, սակայն մոտավոր հաշվարկներով  այն հասնում է մոտ 500 հեկտարի:   Գյուղատնտեսության նախարարությունն էլ  հորդորում է, որ հանրապետության  մի շարք մարզերում, մասնավորապես Արմավիրում, Արարատում, Սյունիքում, Արագածոտնում և Տավուշում, սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, ուստի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել այդ աշխատանքներն իրականցնելիս՝ հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին> ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ գյուղացիների մոտ վերոնշյալ գործողությունները կրում են սովորական բնույթ:  Անտառային հրդեհների ծագման դեպքում ՏԿԱԻՆ պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը հորդորում է անմիջապես զանգահարել նախարարության 911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ 65 01 24 կամ 077 99 99 91 հեռախոսահամարներով:

Ցուցադրել ավելի
Back to top button