ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ- ում հաղթեց եռամիասնությունը, ասում են հայկական պատվիրակության անդամները

lenabadeyan

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը հաջողվել է գրանցել լուրջ հաղթանակ: Արդեն Հայաստանում գտնվող ԵԽԽՎ հայաստանյանյան պատվիրակության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել են, որ դա հնարավոր է եղել եռամիավորման արդյունքում: Այսինքն՝ նպատակին հասնելու համար պատվիրակության հետ աշխատել են ու ջանքերը միախմբել նաեւ  արտգործնախարարությունն ու Սփյուռքի որոշ կառույցները: Մի ուշագրավ փաստ եւս. վերջին շրջանում ԵԽԽՎ հետ կապված ցանկացած ասուլիսի ներկայանում էին բացառապես ՀՀԿ խմբակցության անդամները՝ նշելով, որ ընդդիմադիրները չեն ցանկանում ներկայանալ ասուլիսներին: Ի տարբերություն արդեն ձեւավորված ավանդույթի՝ այսօրվա ասուլիսին հանրապետական պատգամավորին միացել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանին հաջողվեց ազդել ԵԽԽՎի վրա եւ շրջանառությունից հանել վտանգավոր ձեւակերպումը: «Լեռնային Ղարաբաղի եւ յոթ այլ շրջանների օկուպացիան Հայաստանի կողմից» ձեւակերպումը ԵԽԽՎ պատվիրակների 85 կողմ, 75 դեմ քվեարկությամբ հանվել է «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» զեկույցի նախագծից: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ներկայացմամբ՝ կոնկրետ այս ձեւակերպումն էր Ադրբեջանի գերնպատակը:

Որքան էլ ԵԽԽՎ փաստաթուղթը իրավական արժեք չունի, միեւնույն է, անընդունելի է, որ որեւէ մրջազգային փաստաթղթում ԼՂՀ-ի վերաբերյալ նման ձեւակերպումներ լինեն: Ստրասբուրգում աշխատած պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի պատվիրակությունն ամեն բանի համաձայն էր, անգամ, որ Ալիեւին համարեն Եվրոպայի վերջին դիկտատորը, արձանագրեն, որ Ադրբեջանի բանտերը լի են կտտանքների ենթարկվող քաղբանտարկյալներով, միայն թե թողնեն` ԵԽ իրազեկ է, որ «Հայաստանն օկուպացրել է ԼՂՀ-ն և 7 շրջանները» ձևակերպումը:

Յոթ հոգանոց հայաստանյան պատվիրակությունն այս անգամ կարողացավ հաղթահարել բոլոր մարտահրավերները, քանի որ աշխատել են համախմբված: Աննախադեպ էր նաեւ աջակցությունը մեր պատվիրակությանը արտգործնախարարության եւ Սփյուռքի կառույցների կողմից: Սա ինչ որ չափով կարելի է դիտարկել որպես տարիների ընթացքում թույլ տրված  սխալների ուղղում:

«Մենք չենք կարողանում ճիշտ և գրագետ աշխատացնել մեր պատվիրակության, դեսպանությունների և Սփյուռքի կառույցների կարևոր այս օղակը, համակարգված չէր աշխատում և արդյունքում լինում էր ոչ շահեկան արդյունքներ: Առաջին անգամ եռամիասնությունը շատ գրագետ ու կարևոր աշխատեց»,- ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ի տարբերություն վերջին շրջանում ձեւավորված ավանդույթի՝ այսօր առաջին անգամ ԵԽԽՎ պատվիրակների ասուլիսին հանրապետական պատգամավորներին միացել է նաեւ «Բարգավաճ Հայաստա»ն խմբակցության եւ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ասում է քաղաքական ուժերը երկրի ներսում կարող են տարաձայնություններ ունենալ, բայց միջազգային հարթակներում պետք է հանդես գան որպես մեկ միասնական թիմ:

Դա թերեւս գիտակցում են մյուս ընդդիմադիրները:  ՀԱԿ խմբակցության ղեկավարի աշխատանքը Ստրասբուրգում հատուկ շեշտվեց հետեւյալ կերպ. «Այն, ինչ արեց Լեւոն Զուրաբյանը Լիբերալ դեմոկրատների հետ՝ ուղղակի աննախադեպ էր»: Դե իսկ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը առանցքային քվեարկության համար 26 կողմ ձայն բերեց, որն ամենամեծն էր:

Մեր պատվիրակները, թեեւ ոգեւորված են գրանցված հաջողությունից, բայց եւ գիտակցում են, որ հետագայում կանգնելու են նոր մարտահրավերների առջեւ: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը լավ եւ արդյունավետ չի աշխատում, ապա Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ պատրաստ է քվոտայով ԲՀԿ-ին հատկացված տեղը պատվիրակությունում զիջել ԱԺ այն պատգամավորին, ով համոզված է իր ուժերի եւ հնարավորությունների վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button