Հասարակություն

Երիտասարդների ընդվզումն ապացուցեց Արեւմուտքին՝ Հայաստանն անհուսալի վիճակում չէ

karenghazaryan
Բաղրամյան պողոտայում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը պատային է, ինչին հանգեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու շարժման տրոհումը: Բաղրամյան պողոտայում մնացածների պահանջները նույնն են, եւ ցուցարարները ոչ մի քայլ չեն զիջելու: Ի՞նչ միջոցներով է հնարավոր լինելու պահպանել շարժումը ակնհայտ չէ, սակայն մյուս կողմից էլ՝ Բաղրամյան պողոտան նորից բռնի ուժով բացելու փորձը ամենավերջին սխալը կլինի: Այսպիսի գնահատականներով են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը եւ գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:

 

 

Բաղրամյան պողոտայում հունիսի 27-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիական հասարակության բողոքող մի ստվար զանգված կա, սակայն չկա համակարգող խումբը: Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, որ ոստիկանության հունիսի 23-ի գործողությունների արդյունքում տուժածներից է, կարծում է, որ շատ վտանգավոր է նման իրադրությունը:

«Դա կարող է դիտվել իբրեւ չղեկավարվող ամբոխ, որի հետ ամեն ինչ կարելի է անել: Թեպետ, երեկ երեկոյան սկսվեցին ինքնակազմակերպչական աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի կառավարելի դարձնել դա, բայց բանը չի հասել նրան, որպեսզի ներկայացուցչական ինչ-որ մի մարմին ձեւավորվի, որը հանձն կառնի, վերջիվերջո, խոսելու ոստիկանության հետ, խոսելու կառավարության հետ, իշխանությունների հետ»:

Տարերային է, սակայն, Բաղրամյանում է գտնվում քաղաքացիական հասարակության սերուցքը՝ վերջին տասնամյակի ընթացքում ձեւավորված բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները՝ հավելեց Նազարեթ Կարոյանը: Ինչ կլինի վաղը՝ որեւէ մեկի համար պարզ չէ: Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախագահի հայտարարությամբ, ըստ էության, մեծացվեց խնդիրների լուծման ժամկետը:

«Պարզ է, որ 3-6 ամիս ոչ մի շարժում չի դիմանա պողոտա փակելով, որպեսզի մինչեւ արդյունքները լինեն»:

Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ շարժումը բացառիկ է  նրանով, որ բոլորը շահում են եւ նախորդ օրերին բռնություն չգործադրելը պայմանավորված էր հենց դրանով: Նա նկատեց, որ Հայաստան պետությունը շահեց նրանով, որ Ռուսաստանն անսպասելի զիջումներ արեց՝ Պերմյակովի հանձնում, արտոնյալ վարկի տրամադրում: Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ իշխանություններն էլ ավելի ուժեղ դիրքերում են հայտնվել՝ թիկունքում ունենալով նման ուժեղ զանգվածային շարժում: Արեւմուտքն էլ տեսավ, որ Հայաստանն անհուսալի վիճակում չէ եւ կրնկի տակ վերջնականապես տրորված չէ, իսկ Ռուսաստանը չկորցրեց բարեկամ երկրի:

«Մինչեւ հիմա շահած ենք: Դա ինձ հույս է տալիս, որ այս ամբողջ դրական մթնոլորտը, որ կա շարժման շուրջ թույլ կտա խուսափելու նեգատիվ բաներից՝ բռնություններից»:

Վահրամ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ շարժման առաջադրած խնդիրը մնացել է բաց, սակայն շարժումը պետք է ուրիշ հանգրվան անցնի: Նազարեթ Կարոյանը կարծում է, որ իշխանություններն ամենավերջին սխալը կգործեն, եթե կրկին փորձեն Բաղրամյան պողոտան բացել ուժի գործադրմամբ, ինչը նա դժվար չի համարում՝ հատկապես շարժման տրոհումից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button