Հասարակություն

Ամուսնու կողմից վիրավորված կնոջ վիրահատությունն ավարտվել է

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։

Հիշեցնենք, որ հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։

Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։ Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերների ազդեցության տակ, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Ոստիկանությունն առավոտյան հայտարարել էր, որ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում  այսօր արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը մտել է նոր ծննդաբերած կնոջ հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button