Հասարակություն

Ակցիան ուժեղացրեց հասարակությունը. գնահատում են իրավապաշտպանները

lusinevasilyan

Բաղրամյան պողոտայի տասնօրյա ակցիայի, դրա արդյունքների , ազդեցության մասին այսօր խոսել են իրավապաշտպանները: Նրանք իրավական բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, բայց նաև արձանագրում ամենակԱրևոր ոչ իրավական արդյունքը. Բաղրամյան պողոտայի ակցիան  ուժեղացրեց մեր հասարակությունը և նոր պոտենցիա բացահայտեց, նաև կարծրատիպեր փոխեց ոստիկանության վարքագծում։

Իրավապաշտպանների, իրավաբանների  գնահատակնները  տարբեր են, բայց կան նաև ընդհանուր դիտարկումներ: Դրանցից առաջինը գնահատականն է, որ   Բաղրմայան  պողոտայի տասնօ ա  ակցիան աննախադեպ էր մի քանի առումներով:

Ըստ էության՝ անօրինական ակցիան աննախադեպ էր իր խաղաղ ընթացքով, տևողությամբ, ծավալներով, ակցիայի նկատմամբ հասարակության միասնական վերաբերմունքով: Պատահական չէ, որ  այն մոտ մեկ շաբաթ միջազգային լրահոսի կենտրոնում պահեց Հայաստանը և  Բաղրամյան պողոտայի վրա հրավիրեց միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեկ այլ առանձնահատկություն էլ է նշում. խիստ չափելի ու կոնկրետ հարց էր դրվել բողոքի առանցքում, որը նույնքան կոնկրետ լուծում էր պահանջում: Մինչ հարցին անդրադառնալը, թե արդյո՞ք լուծում է իշխանությունների կողմից առաջարկված տարբերակը, Ավետիք Իշխանյանը   մի դիտարկում է անում. այնքան էլ շնոհակալ գործ չէ լուրջ դեմքերով գնահատելը, թե որ կետում սխալվեցին կամ ձախողեցին  երտասարդները: «Ճիշտ չեմ համարում վերևից ինչ-որ գնահատականներ տալ: Երիտասարդները շարժում են սկսել, իսկ քաղաքագետները լուրջ դեմքով սկսել են խոսել սխալների մասին: Սխալ էին անում` դուք անեիք»,- ասաց։

Ավետիք Իշխանյանը համոզված է, որ շարժումը ուժեղացրեց մեր հասարակությունը , նոր պոտենցիալ բացահայտեց, փոխեց կարծրատիպը, որ միևնույնն  է՝ որևէ բան փոխել չի կարող:  Իրավապաշտպանը չի ցանկանում, որ իր գնահատմամբ ազնիվ նախաձեռնությունը վարկաբեկվի տարատեսակ կասկածներով: Ասում է՝ շարժումը դեռ  հաջողության չի հասել, բայց եթե անգամ վերջանական հաջողություն էլ չունենա,  ազդեցություն արդեն ունեցել է:

Իշխանությունների առաջարկած տարբերակը, մինչև աուդիտի ավարտը կառավարության կողմից սակագնի ավելացումը փոխհատուցելու մասին,  իրավապաշտպանը լուծում չի համարում, բայց ազդեցություն համարում է: «Ամեն դեպքում՝ ազդեցին իշխանության վրա, իշխանություններին ստիպեցին ընկրկել»:

Քաղաքականացվել տերմինը մահակի նման կիրառում են այդ երիտասարդների նկատմամբ, նրանք էլ մի տեսակ վախենում են այդ երևույթից, սա արդեն Երվադ Վարոսյանի գնահատականն է: Նա համոզված է, որ Հայաստանի նման երկրում ցանկացած բողոքի ակցիա, սոցիալական ցանկացած խնդրի արծարծում նաև քաղաքական է:  Ինչ վերաբերում է աննախադեպությանը, ապա փաստաբանը մեկ այլ առանձնահատկություն է նշում . շարժումը կարծրատիպեր փոխեց ոստկանության մոտեցումներում:

«Մինչ այժմ, ըստ ոստիկանության, բողոքի ակցիան չպետք է խանգարի մյուսներին, խախտի այլոց իրավունքները, պետք է կազմակերպվի Հրազդան մարզադաշտի մոտ կամ Սելիմի լեռնանքցում: Էդ կարծրատիպը փոխվեց, մարդիկ ի վերջո հասկացան, որ  բողոքի ակցիա նշանակում է, այո, փակել փողոցը, նշանակում է խանգարել մյուսներին՝ պարիտետի սահմաններում»:

Ի դեպ , բանախոսները իրավապահների կողմից ուժի կիրառման հավանականությունը  խիստ նվազ են գնահատում։ Ինչ վերաբերում է պահանջին, ապա գնահատականները տարբեր են. Երվանդ Վարոսյանը բոլոր լուծումները ցանկությունների հետ են կապում, Ավետիք Իշխանյանը կարծում է, որ աուդիտը չարաշահումներ կբացահայտի, բայց նաև սակագնի բարձրացումը հիմնավոր կհամարի։ Սաքունցի ամփոփմամբ էլ՝ իշխանությունների առաջարկած լուծումը, ըստ էության, պահանջի կատարում չէ, քանի որ  էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվում. փոխվում է վճարման մեթոդը:

Բայց այս դիտարկումն անելիս իրավապաշտպանը ևս մեկ առանձնահատկություն է նշում ՝ նկատի ունենալով արդեն հարցի շուրջ հայ-ռուսական բանակցությունները: «Քաղաքացիական այս շարժումը, աննխադեպ այս ակտիվությունը ստիպեց գերտերությանը հաշվի նստել փոքր Հայաստանի հասարակության հետ»:

Երվանդ Վարոսյանն էլ այս դիտարկմանը հավելում է իր նկատառումը ՝ պետությունն իրավունք չունի նման շարժումները չօգտագործել իր ինքնիշխանությունն ամրապնդելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button