Քաղաքական

Ստեփան Սաֆարյան. Շարժումը թեւակոխել է տրանսֆորմացիայի փուլ

karenghazaryan
Բոլորը հետեւում են, թե ինչ է կատարվում ոչ այնքան Բաղրամյան պողոտայում, որքան ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման շարժման ներսում: Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ շարժումը թեւակոխել է տրանսֆորմացիայի փուլ, շատ բարդ իրավիճակ է, քանի որ շարժման պառակտման արդյունքում գրոհ է սկսվում շարժման վրա:


Երեկ ակնհայտ դարձավ, որ շարժման հետ կապված որոշումներ կայացնելու դժվարություններ կան: Ստեփան Սաֆարյանը դա պայմանավորեց տրանսֆորմացիայի հետեւանքով մի քանի հարթությունների առկայությամբ:

«Թերեւս շատ ընդգծված էր քաղաքական եւ քաղաքացիական թեւերի միջեւ տեղի ունեցողը: Երկու կողմերից հնչած երեկվա հայտարարությունները հենց դրա մասին էին: Նրանք, ովքեր տեղափոխվել էին ազատության հրապարակ, հայտարարում էին, որ չեն ցանկանում, որ շարժման օրակարգը փոխվի եւ նշում էին, որ Բաղրամյան պողոտայում կան խմբեր, որոնց հետ տարաձայնություններ են ունեցել եւ այդ խմբերը ուզում են ավելի քաղաքական օրակարգ ձեւակերպել»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ կա նաեւ խնդիր բուն քաղաքացիականների ներսում: Մի մասը գտնում է, որ շարժումը պետք է տեղափոխվի Ազատության հրապարակ՝ գիտակցելով, որ վաղ թե ուշ Բաղրամյան պողոտան ազատվելու է եւ չեն ցանկանում, որ այդ ազատումը տեղի ունենա ցրելու տեսքով: Նրանք կարծում են, որ իշխանությունը կես քայլ նահանջել է՝ ի դեմս նախագահի հայտարարության, եւ իրենք նույնպես պետք է կես քայլ կատարեն՝ պահելով նաեւ շարժումը: Մյուս թեւը կարծում է, որ պայքարի հաջողության գրավականը Բաղրամյան պողոտան է եւ այնտեղից դուրս գալ չի կարելի: Այս երկու թեւերն էլ դեմ են քաղաքական օրակարգ ձեւակերպելուն՝ նկատեց վերլուծաբանը: Մատնանշելով պառակտումները՝ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ուժ չի կիրառվի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա եւ դա իշխանության շահերից չի բխում:

«Այն, ինչը որ պիտի արվեր ուժային գործողությունների միջոցով, կարծես թե, դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ այս պահին շարժման ներսում կոնֆլիկտները չափազանց շատացել են, եւ շարժման տարբեր թեւեր իրենք են միմյանց մեղադրում, միմյանց քննադատում ոչ ճիշտ մարտավարություն ունենալու առումով»:

Իրականում շարժման հաջողությունները ամենեւին էլ տեղով չեն պայմանավորված, այլ նրանով, որ չկար քաղաքական օրակարգ, ինչը պահպանվեց նաեւ հունիսի 23-ից հետո՝ հավելեց Ստեփան Սաֆարյանը: Արդյունքում, ըստ նրա, իշխանությունը համակերպվեց Բաղրամյան պողոտայի փակ լինելու հետ՝ վստահ լինելով, որ այն քաղաքական օրակարգի չի վերածվի: Ամեն դեպքում, ըստ բանախոսի, բոլորին էլ հասկանալի է, որ Բաղրամյան պողոտան չի կարող շատ երկար ժամանակ փակ մնալ, քանի որ նաեւ դրա ռեսուրսը չկա:

«Եթե Հայաստանի իշխանությունները գնան ուժի կիրառմանը, ինչի, այսպես ասած, թեթեւ փորձը արեցին հունիսի 23-ին՝ որպես նախազգուշացում, ապա, թերեւս, դժվար չէ կանխատեսել դրա հետեւանքները: դրա արդյունքում մշտապես Հայաստանից կորզվել են այն որոշումները, որոնք պետք են եղել: Երկրի ներքաղաքական թուլությունը չափազանց էական դեր է խաղացել այդ որոշումները կորզելու համար»:

Ներքաղաքական թուլություններից, Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, մշտապես օգտվել է նաեւ հարեւան Ադրբեջանը՝ սահմանային միջադեպեր հրահրելով:

Ցուցադրել ավելի
Back to top button