Քաղաքական

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 29-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Կարեւորվել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում: Պարոն Շարմազանովն անհրաժեշտ է համարել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը:

Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Էդուարդ Շարմազանովը դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը եւ անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

ԱԺ փոխնախագահն ընթացիկ տարին հայ ժողովրդի համար բացառիկ է համարել. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա գնահատմամբ՝ այն հայ ժողովրդի եւ միջազգային հանրության համար կարեւոր է ոչ միայն պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլեւ նման հանցագործություններին «այլեւս երբեք» ասելու տեսանկյունից: ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել միասնական պայքարը նացիստական գաղափարախոսության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցերի:

Ցուցադրել ավելի
Back to top button