ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. ՄԻԵԴ- ը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերին, նաեւ խոսելով, թե որքանով են այս որոշումները ազդցում Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացների վրա։

Հարց. Պարոն նախարար, առաջին հարցը փոքր-ինչ ընդհանրական բնույթ ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեության վերաբերյալ:

Վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում: Հայաստանը մշտապես աջակցել է այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանն ու դատարանի գործառույթների լիարժեք կատարմանը:

Հարց. Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի հրապարակման առաջին իսկ պահից Ադրբեջանը փորձեց շահարկել այն, տալ վճռի մեկնաբանության սեփական, յուրովի տարբերակը, մասնավորապես ասելով, թե Դատարանը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մեջ: Արդյո՞ք դա այդպես է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանություններին, թե իբր Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ նման պնդում չկա: Իր հայտարարություններով Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Ավելին, վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին: Ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքների պաշտպանությանը` սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, փոխհատուցման իրավունքներին:

Հարց. Պարոն նախարար դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Ձեր արած մեկնաբանության մեջ Դուք նշում եք, որ փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Կարո՞ղ է արդյոք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդել բանակցային գործընթացի վրա:

Էդվարդ Նալբանդյան. Գործը դատարանի վարույթ ընդունելու ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ ողջամիտ կլիներ, եթե դիմումատուները սպասեին քաղաքական գործընթացների` խաղաղ բանակցությունների ավարտին, ինչը ներկա իրավիճակում կարող էր տրամադրել հարցի լուծման միակ իրական հնարավորությունը: Միաժամանակ, որոշման մեջ նշվում է, որ, անկախ բանակցային գործընթացից, անհատներն իրավունք ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Աշխարհում մարդու իրավունքների ոտնահարմամբ տխրահռչակ Ադրբեջանն իր քաղաքական հաշվարկներում չի խորշում օգտագործել նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշումը: Բաքուն հերթական անգամ մարդու իրավունքների, մասնավորապես՝ փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, փորձում է ներկայացնել կամայական մեկնաբանություններով՝ ըստ այդմ, խեղաթյուրելով գործի ողջ էությունը: Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին և չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Հարց. Դատավճիռը որևէ կերպ անդրադառնու՞մ է այն պայմաններին, որոնք պատճառ հանդիսացան, որպեսզի դիմումատուները լքեն իրենց տները:

Դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիությունն ապահովելու համար։

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, դատավճռի 197-րդ հոդվածում Դատարանը հաշվի է առել, որ Լաչինի շրջանն ունեցել է ռազմավարական նշանակություն և որ անհրաժեշտություն կար սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար: Փաստորեն, դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիությունն ապահովելու համար:

Հարց. Իսկ ի՞նչ արձագանք է ստացել Բաքվում ՄԻԵԴ-ի կողմից կայացրած՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի վճիռը:

Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակն էր, այսպես կոչված, անձնագրային ստուգումը: Սակայն դա միայն առիթ էր…

Էդվարդ Նալբանդյան. Դուք ճիշտ եք, Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ Դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով Դատարանի վճռի որևէ հիշատակումից:

Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում, ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Հարց. Արդյո՞ք Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործում կան այնպիսի ձևակերպումներ, որոնց պատճառով, ինչպես Դուք նշեցիք, Ադրբեջանը խուսափում է հիշատակել ՄԻԵԴ-ի այդ որոշման մասին:

ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը։

Էդվարդ Նալբանդյան. Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակն էր, այսպես կոչված, անձնագրային ստուգումը: Սակայն դա միայն առիթ էր՝ Շահումյանի շրջանի մի շարք գյուղերից հայկական բնակչությունը տեղահանելու համար` ստիպելով նրանց լքել իրենց տները և փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանումներն ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող բռնությամբ և ձերբակալություններով: 1992թ., երբ հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից: Նույնը կատարվել էր այլ շրջաններում բնակվող հայերի նկատմամբ: Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը: Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուր հազարավոր հայերից մեկն է, որոնք հակամարտության ժամանակ փախել են` լքելով իրենց տունն ու ունեցվածքը: Կարդալով դատավճռի նյութերը՝ պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին:

Հարց. Արդյո՞ք ՄԻԵԴ-ի որոշումները կարելի է դիտարկել որպես միջամտություն հիմնախնդրի կարգավորմանը:

Դատարանը շեշտում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունների կարևորությունը և ընդգծում, որ բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը Մադրիդի հիմնարար սկզբունքների տարրերից մեկն է։

Էդվարդ Նալբանդյան. Անդրադառնալով ՄԻԵԴ-ի իրավասության ոլորտում գտնվող հարցերին՝ Դատարանը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում նշում է, որ հակամարտության քաղաքական հանգուցալուծման պարտավորությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա: Այսինքն՝ Դատարանն ինքն ընդգծում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության կարգավորմանը և ոչ էլ դրա տարրերին` այսպիսով ևս մեկ անգամ հերքելով ադրբեջանական խեղաթյուրումները: Շարունակելով իր միտքը՝ Դատարանը շեշտում է, որ այնպիսի հարցերի համապարփակ լուծումը, ինչպիսիք են` իրենց նախկին բնակության վայրերը փախստականների վերադարձը, կամ փոխհատուցում ստանալը, կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով:

Գործի 236-րդ հոդվածում Դատարանը շեշտում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունների կարևորությունը և ընդգծում, որ բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը Մադրիդի հիմնարար սկզբունքների տարրերից մեկն է, որը մշակվել է Մինսկի խմբի շրջանակներում և ընկած է խաղաղության բանակցությունների հիմքում: Այստեղ ևս Դատարանը վերահաստատում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության հանգուցալուծմանը կամ դրա տարրերին, ներառյալ՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի իրավունքին, որոնք պետք է լուծում ստանան միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Սա ևս մեկ անգամ հերքում է ադրբեջանական այն պնդումները, թե իբր ՄԻԵԴ-ի որոշումը կապված է հակամարտության կարգավորման տարրերի հետ:

Այն, որ անկախ ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հունիսի 22-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հասատատեց նաև ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը: Նա, անդրադառնալով Չիրագովն ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերին, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հետևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել՝ հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:

Սակայն, նույնիսկ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի կողմից արված միանշանակ հայտարարությունների պայմաններում, Ադրբեջանը շարունակում է թմբկահարել, թե իբր Դատարանի որոշումը վերաբերում է հակամարտության կարգավորմանը:

Հարց. Նման քաղաքականությամբ ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:

Ադրբեջանն՝ իր կամայական և ընտրովի մեկնաբանություններով, ևս մեկ անգամ հակադրվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկներին։

էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշման շահարկումը կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սույնով Ադրբեջանը կրկին փորձում է տեղափոխել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը այլ ձևաչափեր, թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, ձախողել համանախագահ երկրների ջանքերը:

Օգտագործելով ՄԻԵԴ-ի որոշման իր կամայական մեկնաբանությունները` Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, թե իբր զորքերի դուրսբերումը պայմաններ կստեղծի փախստականների վերադարձի համար, և որ այս հարցերը որևէ կերպ չեն կարող որպես փոխզիջում դիտարկվել: Այսինքն՝ Ադրբեջանն՝ իր կամայական և ընտրովի մեկնաբանություններով, ևս մեկ անգամ հակադրվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկներին: Բաքուն մոռացության է մատնում, որ համանախագահներն այդ տարրերը դիտարկում են որպես մեկ ամբողջություն, որոնցից մեկին նախապատվություն տալը անհնար կդարձնի հավասարակշռված կարգավորումը: Սա ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված՝ միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Ադրբեջանի այդ մոտեցումները թույլ չեն տալիս հասնել համապարփակ կարգավորման, ինչի պարագայում կլուծվեին նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցերը:

Չունենալով որևէ հիմք՝ արդարացնելու համար իր ապակառուցողական քաղաքականությունն ու եռանախագահներին հակադրվելը` Ադրբեջանը գործի է դնում իր ձեռքի տակ առկա միակ հնարավորությունը` կեղծարարությունը: Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսևորումներից է:

Ցուցադրել ավելի
Back to top button