ԿարևորՀասարակություն

Վ. Գասպարյան. «Ցանկացած ուրիշ փողոցի փակում շատ խիստ է պատժվելու»

hasmikdilanyan

Ուղիղ  կեսօրին փոխոստիկանապետ  Հունան  Պողոսյանի ուղեկցությամբ  Բաղրամյան պողոտա է այցելել  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ տեղեկանալու, թե ինչպես են գիշերն անցկացրել բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք ոստիկանապետին  քաղցրավենիք են առաջարկել, սակայն, Գասպարյանը հրաժարվել է: «Հիմնական պատճառը Մաշտոոցի  պողոտան փակելն էր, հիմնական պատճառը զենք հայտնաբերելն էր»,- այսպես է ոստիկանապետը բացատրել իր գիշերային վրդովմունքը:

«Ցանկացած ուրիշ փողոցի  փակում շատ խիստ է  պատժվելու» ,- հայտարարել է  ՀՀ ոստիկանապետ՝ հավելելով, որ մի քանի օր շարունակ   հանդուրժում են Բաղրամյանի պողոտայի փակումը, քանի որ մարդիկ    սոցիալական խնդիրների  համար են հավաքվել, իսկ իրենք ակցիային փիլիսոփայորեն են մոտենում:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ  ոստիկանության մեջ սադրիչներ չկան,  «ոստիկան –սադրիչ»  հասկացություն չի կարող լինել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանն ու հավելել,- եթե քաղաքացիական համազգեստով ոստիկանն  ինչ- որ գործողություններ է արել,  տեսախցիկներ շատ  կան, կֆիքսեն ու ինքը կգտնի այդ անձնավորությանը» :

Անդրադառնալով գիշերային ժամերին քաղաքական գործիչների ու շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից  կազմվող կենդանի պատին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել  է, որ եթե կենդանի պատը դեկորացիայի համար է, այն պիտանի չի, իսկ եթե եկել են ինչ- որ բան լուծելու, ուրեմն իրենց փորձը պետք է տան երիտասարդներին, որպեսզի անցանկալի երևույթներ չլինեն: Տեղ-տեղ կենդանի պատը դեկորացիայի համար էր, իր տպավորություններն է փոխանցել  ոստիկանապետը։

«Մենք ենք պաշտպանում քաղաքացուն, երբ քաղաքացին օրենք է խախտում, խանգարում մյուս քաղաքացիներին։ Ոստիկանությունը փիլիսոփայոերն է մոտենում այս երևույթին, որը տեղի է ունենում: Մարդիկ խնդիր են բարձրացնում, սոցիալական խնդիր, լուծում են ուզում ստանալ, այստեղ մենք խնդիր չունենք, բայց դրա տակ խաժամուժ է մտնում, երբ դրա տակ զինված մարդ կա, դուք հասկանում եք ինչ է  նշանակում, երբ հանկարծ մի արկածախնդիր, մի կրակոց կամ մի քար նետի ոստիկանի գլխին ու մարմնական վանսվածք հասցնի: Այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը: Դա վտանգավոր իրավիճակ է»:

Ոստիկանապետը  տեղեկացրել է,որ ժամը 15-16-ի սահմաններում ոստիկանական զորքերի վերաբաշխում է անելու: Նա լրագրողներին հորդորել է  չանհանգստանալ։ «Մեր հրապարակում լինելու են ջրցան մեքենաներ, լինելու են հատուկ միջոցներ։ Մի անհանգստացեք, ոչ մեկի չենք պատրաստվում շրջապատել, ոչ մեկի չենք պատրաստվում գրոհել։ Դա արվում է  միայն նրա համար, որ եթե Երևան քաղաքի այլ փողոցներ ու հատվածներ հանկարծ փակվեն, մենք շատ խիստ կոնկրետ, տեղային օպերացիա ենք մշակել և շատ խիստ ենք լինելու: Բաղրամյանը ընդունված է  ասել, որ ժողովրդի սոցիալական բողոքն է, որը մենք հանդուրժում ենք: Փակված է  Երևան քաղաքի  գլխավոր փողոցներից մեկը, բայց մնացած ուրիշ տարածքի փակումը տեղում շատ խիստ պատժվելու է, որովհետև Երևանը մեր բոլորի Երևանն է, և պարալիզացնել քաղաքը ինչ- որ տխմարամտությամբ, թե իրազեկում  ենք, դա իրազեկում չի: Դա ոչ ստաբիլ իրավիճակ է, անպատժելիության իրավիճակ ստեղծել է:Ես չեմ հանդուժի, որ որևիցե մեկը մտածի,թե ոստիկանությունը այս երկրում կհանդուրժի անպատժելությունը»,- ասել է ոստիկանապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button