Հասարակություն

Հումորի ու հայհոյանքի սահմանը. Բաղրամյանի ակցիայի ցուցապաստառների բազմազանությունը

lianaeghiazaryan

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան մի շարք առանձնահատկություններ ունի: Որոշ ընդհանրություններ կան տրանսպորտի սակագնի բարձրացման ակցիայի հետ, բայց այնտեղ պետական կառույցների դեմ էին հանդես գալիս: Այս պարագայում՝ նորմալ տրամաբանությամբ որեւէ մեկը դեմ լինել այս ակցիային չի կարող: Այս համոզմանն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը

Մասնագետը նկատում է` սա նաեւ տեխնոլոգացված ակցիա է, սոցցանցերից ֆեյսբուքն օգնում է փողոց դուրս եկած ակտիվիստների ճիշտ ռոտացիային. մի մասն աշխատանքից է գալիս համալրում շարքերը, մի մասը սպասում է մինչ աշխատանքային օրվա ավարտը:

Ակցիայի սկզբունքայնությունն էլ մանեւրելու տեղ չի թողնում: Քաղաքական երանգներ չկան, կա հստակ սոցիալական պահանջ` մեկ պահանջ` չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Տիգրան Քոչարյանը հետաքրքիր մի դրվագ էլ է առանձնացնում` ոստիկանների առաջին օրվա ագրեսիվ վարքի փոփոխությունից հետո ակտիվիստ-ոստիկաններ հարաբերությունների նոր ոճը: «Շատ լավ բան է նկատվել` կասկածելի դեպքեր կամ արտառոց առարկաներ տեսնելիս իրար հայտնում են, որովհետեւ կան մարդիկ, ովքեր կցանկանան վիճակը սրել, ինչը հիմա դեռ չի ստացվում»։

Ամենահետաքրքիրը, որով առանձնանում է սոցիալական այս ակցիան նախորդներից, ցուցապաստառների ամենաբազմաբովանդակ հումորն է: Ցուցարարների շարքում կրեատիվ մտածող երիտասարդներ են. ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Նրանք հայհոյում են, բայց հիմնականում առանց հայհոյական բառերի, ու դա նրանց հաջողվում է` հոլովելով կոնկրետ անձի` Բիբինի ազգանունը: Հատուկ տեխնոլոգիաներ չկան, կան յուրահատուկ մտածողությամբ երիտասարդների շրջանառած հումորային ձեւակերպումներ: Ծաղրելու տեխնոլոգիա է իրենց դեմ ջրցան կիրառած ոստիկաններին ընդառաջ գալը ջրցան խաղալիքներով: Դիմացի կողմին սա բարոյազրկող քայլ է, ասում է Տիգրան Քոչարյանը, բայց նաեւ միանգամից հավելում` կան նաեւ անընդունելի բաներ, որոնց տրվել պետք չէ

«Բառապաշար ու ժեստեր կան, որոնք ինձ համար անընդունելի են, օրինակ` ռուս լրագրողուհու գլխավերեւում պահված ցուցապաստառը: Կամ այսպիսի վերաբերմունք Աշոտյանի հանդեպ:  Աշոտյանը ուժ ունեցավ մի շարք պատգամավորների հետ գալ, լինել այնտեղ: Այն, ինչ ասում են Աշոտյանին, հայկական բառ չէ, թուրքական ծագում ունի: Ընդ որում`կարող եմ ասել` բոլոր ցուցարարները չեն  վանկարկել Աշոտյանին ուղղված այդ բառը, եղել են որոշ երիտասարդներ, ովքեր այլ հարցեր ունեն Աշոտյանի հետ»:

Տիգրան Քոչարյանն ասում է` չեմ ուզում սա դառնա հայհոյախառն բառապաշարով շարժում եւ բացատրում` դա մեզ պետք չէ, այդ երիտասարդնրն այդ մակարդակից բարձր են: Որոշ իշխանական պատգամավորներին հայհոյելու մեջ մեղադրողները չպետք է տեղափոխվեն նույն հարթություն, ժողովուրդը կհիասթափվի` համեմատելով, կարծում է: «Ես ընդդիմությանը միշտ խորհուրդ եմ տվել չօգտագործել հայհոյանքներ, որոնք իրենք հայտնվում են իշխանության հայհոյախառն խոսողների հարթության մեջ, որտեղ իրենք կպարտվեն, որովհետեւ հայհոյելու նրանց փորձն ավելի մեծ է»։

Որքանո՞վ է ճիշտ Բիբինի ազգանունը կիրառել որպես հայհոյական բառ, որքանո՞վ է ընդունելի ու որքանո՞վ դյուրընկալելի: «Որքանո՞վ է ճիշտ, չեմ կարող մեկնաբանել, բայց ընդունելի է 100 տոկոսով: Բիբինը եթե իրեն նորմալ պահեր ու չարհամարհեր, նորմալ շփվեր պաշտոնյաների հետ ու իրեն չդրսեւորեր նեղացած աղջկա պես, նրա ազգանունը փոքրատառով չէր գրվի, տարբեր, որոշ դեպքերում որպես անվայելուչ արտահայտություն չէր կիրառվի:  Ինքը բերեց դրան իր վարվելակերպով»,- ասում է Քոչարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button