Հայկ Պետրոսյանի՝ Ազնավուրին նվիրված մոնո- ներկայացումը


Հունիսի 29-ին և 30-ին Երևանի տիկնիկային թատրոնի բեմում կայան լիք իր երկու համերգները Հայկ Պետրոսյանը նվիրում է Շառլ Ազնավուրին որպես հարգանքի տուրք: «Համերգ-մոնոներկայացման միջոցով փորձելու եմ հանդիսատեսին փոխանցել շանսոնյեի հաջողության բանաձևը»,- ասում է: Երիտասարդ երաժիշտը, ի դեպ, առաջարկում է ամեն տարի Ազնավուրի ծննդյան օրը ՝ մայիսի 22-ին, կազմակերպել նրան նվիրված համերգ ու ողջ հասույթն օգտագործել բարեգործական նպատակներով:
«Սկզբում Ազնավուրին ոչ միայն չէի սիրում, այլ ատում էի, որովհետև նրա երգերը լսելիս մայրս միշտ արտասվում էր ու մտածում էի, որ դրա պատճառը նա էր»,- ասում է Հայկ Պետրոսյանը։ Շառլ Ազնավուրի հանդեպ սերը ծնվեց հետո, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, սովորեց ֆրանսերեն ու հասկացավ նրա երգերի իմաստը:
Հայկ Պետրոսյանի համար գուցե ճակատագրական դարձավ նաև հոբելյանական համերգը, որի ժամանակ բռնեց 80-ամյա Ազնավուրի՝ հանդիաստեսին նետած թաշկինակը՝ «Լա բոեմ» երգի ժամանակ։ Նույնը կրկնվեց նաև Ազնավուրի 90-ամյակին նվիրված համերգի ժամանակ:
Շանսոնիեի արվեստն այսօր նրա տարերքն է: Երիտասարդ երաժշտի համոզմամբ՝ Ազնավուրի հաջողության բանալին նրա համառությունն էր ու սերը կյանքի նկատմամբ: Հաջողության այդ բանաձևն է , որ փորձելու է փոխանցել հանդիսատեսին համերգ –մոնոներկայացման միջոցով:
Այս օրերին ժամանակի մեծը մասը Բաղրամյան պողոտայում անցկացնող պայքարող երիտասարդների թվում նաև Հայկ Պետրոսյանն է: «Ինչպես մութ ու ցուրտ տարիներին, կյանքը դժվար էր, բայց մեր սրտերը ջերմ էին: Նույն մթնոլորտն այսօր տիրում է Բաղրամյան փողոցում: Մեզ համախմբել են խնդիրները և ուրախ եմ , որ հավաքվածների 90 տոկոսը երիտասարադներ են»,- ասում է երիտասարդ երաժիշտը։