Մշակույթ

Բջնիի ամրոցի վերագտնված գաղտնուղին

sonahakobyan

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն այսօր լրագրողներին ծանոթացրել է Բջնո ամրոցի պեղումներին: Արև Սամուելյանը ներկայացրել է նաև հուշարձանների ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները, վերջին մեկ տարվա ընթացքում  հուշարձանների պահպանման և վերականգնման գործընթացները,  խնդիրներն ու ձեռքբերումները:

2015 թվականին ևս պատմամշակութային հուշարձանների  պահպանումն ու բերականգնումը մշակույթի նախարարության գերակա ուղղություններից է: Եթե  1988 թվականին հանրապետության տարածքում հաշվառված էր շուրջ 15 հազար հուշարձան, ապա այսօր հաշվառված հուշարձանների թիվը հասնում է 24224-ի: Միայն վերջին 3-4 տարիների ընթացքում հայտնաբերվել է 500 հուշարձան և սա այն ոլորտն է, որտեղ մշտապես նորանոր բացահայտումներ են լինում:

Հայաստանի ոչ նյութական ժառանգության պահպանության գործում շատ կարևոր է հուշարձանների պահպանությանը վերաբերող մայր օրենքի ընդունումը, որի լրամշակված տարբերակը մինչև հուլիսի վերջ կներկայացվի կառավարությանը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը բավականին հարուստ է իր պատմամշակութային ժառանգությամբ, սակայն այդ ամբողջ ոչ նյութական ժառանգությունը նաև պահպանության կարիք ունի, որը միայն լիազոր մարմնի պարտականությունը չէ, ասում է մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Հնագիտական պեղումների քանակը տարեց տարի ավելանումը, ինչը շատ ողջունելի է, սակայն ոչ պակաս կարևոր են դրանց վերականգման աշխատանքները, որոնց համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ ինչպես պետության, այնպես էլ մասնավոր կառույցների կողմից:

Վերականգնվող հնագույն հուշարձաններից մի քանիսն էլ գտնվում են Բջնիի հնավայրում: Այստեղ է գտնվում նաև միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից:

Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Պետության ջանքերով այս հուշարձանի վերականգնման աշխատանքները սկսվել են դեռևս 2006 թվականից, պատմում է մշակույթի նախարարության պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Ստեփան Ղազարյանը:

Ստեփան Ղազարյանի ցույց է տալիս նոր վերաբացված գաղտնուղին, որը ընդամենը մի քանի տարի առաջ գրեթե անհնար էր անցնել։ Այսօր արդեն մասամբ վերականգնված ճանապարհով առաջին բարձրացողներից էինք նաև մենք` լրագրողներս: Ճանապարհը բավականին դժվարանցանելի էր:

Զբոսաշրջիկներն այս գաղտնուղուց կկարողանան օգտվել միայն շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: Նշենք, որ պեղումների արդյունքում Բջնիի հնավայրում հայտնաբերվել են նաև IX-X դդ. կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբար:

Ցուցադրել ավելի
Back to top button