Հասարակություն

Օմբուդսմենի հայտարարությունը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Խոշտանգումների դեպքերի արդյունավետ կանխարգելումը և դրանց առավելագույն բացառումն ուղղակիորեն փոխկապակցված է խոշտանգումների մասին հաղորդումների արագ, օբյեկտիվ ու մանրակրկիտ քննության իրականացման և քրեական պատասխանատվության անխուսափելիության հետ: Սակայն, ցավոք, այս ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները շատ դեպքերում բավարար չեն, իսկ երբեմն կրում են զուտ ձևական բնույթ:

Խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներին իրավապահ մարմինները երբեմն համարժեք չեն արձագանքում՝ ընդհանրապես հրաժարվելով քննություն իրականացնելուց: Իսկ այն դեպքերում, երբ քննություն է իրականացվում, հաճախ այն լինում է մակերեսային և կողմնակալ:

Օմբուդսմենի տարեկան վերջին զեկույցում հատուկ նշվել է ազատությունից զրկված անձանց վնասվածքների դեպքերի քննության լուրջ թերությունների մասին: Ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ ընդունված մի շարք անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն հետագայում դրանց կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է կամ քրեական գործը՝ կարճվել: Որպես կանոն, գործերի չհարուցման կամ դրանց կարճման հիմքում դրվել են հենց ձերբակալված և կալանավորված անձանց պնդումները, որ իրենք վնասվածքները ստացել են սայթաքելու կամ ընկնելու հետևանքով: Սակայն այդ պնդումների հավաստիության մեջ համոզվելու ուղղությամբ անհրաժեշտ այլ գործողություններ չեն իրականացվել:

Միայն պաշտոնատար անձանց անպատժելիության զգացումը բացառելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու դեպքում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի հասնել խոշտանգումների դեմ պայքարի գործում:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Ցուցադրել ավելի
Back to top button