Սպորտ

Սկվոշ` մարզաձև, որը ձերբազատում է ստրեսից

arammanukyan
Սկվոշ. Հայաստանում քչերին հայտնի, բայց աշխարհում մեծ մասսայականություն վայելող դինամիկ ժամանակակից խաղ, որը ուժից, արագությունից և ճարպկությունից զատ, պահանջում է կարդալ մրցակցի գործողությունները: Պակաս կարևոր չէ նաև խաղային մարտավարությունը և բոլորովին էլ պատահական չէ, որ այս խաղն անվանում են «մարզական շախմատ»:

skvosh1

 

Առաջին հայացքից թենիս հիշեցնող այս խաղի ստեղծման «մեղավորը» հենց թենիսն է: 1800-ականներին թենիսի կորտում իրենց հերթին սպասող մի խումբ անգլիացիներ որոշեցին ավելի փափուկ գնդակով խաղալ փակ տարածքում: Հենց անգլացիներն էլ սկիզբ դրեցին սկվոշ խաղի պատմությանը:

1860 թվականին կառուցվեց սկվոշի առաջին կորտը: 9 մետր 75 սանտիմետր երկարություն և 6 մետր 40 սանտիմետր լայնություն ունեցող կորտն ունի նաև 4 մետր 75 սանտիմետր բարձրություն: Այսօր արդեն աշխարհի 130 երկրներում սկվոշով զբաղվում է ավելի քան 15 միլիոն մարդ: Այն հիմնականում մենապայքարային խաղաձև է, բայց ինչպես թենիսում՝ հնարավոր է նաև զուգախաղ:

skvosh

 

Այստեղ անչափ կարևոր է խելամիտ դիպուկ հարվածը: Դիմահար պատին պետք է այնպես հարվածել, որպեսզի մրցակիցը չկարողանա պատասխան հարված կատարել: Ի դեպ, այս մարզաձևում մարզիկը մի քանի անգամ ավելի շատ էներգիա է ծախսում, քան թենիսում: Այն լիցքաթափվելու, գեղեցիկ սպորտային կազմվածք ձեռք բերելու հիանալի միջոց է: Բժիշկները նշում են, որ սկվոշը դրական ազդեցություն է ունենում նաև սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև ձեբազատում է հավանական ստրեսներից:

Մարզձևը արժանացել է նաև հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի ուշադրությանը՝ ամսագրի կողմից ճանաչվելով որպես ամենաառողջարար մարզաձև: Սկվոշի մասսայականացումը այնպիսի թափ է առել, որ մարզաշխարհի այրերը քննարկում են 2020 թվականից սկվոշը ներառել Օլիմպիական խաղերի ծրագրում: Այս դինամիկ մարզաձևը վերջին տարիներին տարածում է գտել նաև Հայաստանում: Հիմնադրվել է նույնիսկ սկվոշի ֆեդերացիա, իսկ ֆեդերացիայի նախագահ՝ գործարար Միքայել Վարդանյանը ջանք ու եռանդ չի խնայում մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար:

Ներկայումս «Գրանդ սպորտ» մարզահամալիրում գործում է սկվոշի երկու կորտ: Շուտով կկառուցվի ևս մեկը, որտեղ էլ օգոստոսին կանցկացվի միջազգային մրցաշար:

Ցուցադրել ավելի
Back to top button