ԿարևորՏնտեսական

Նախագահն առաջարկել է ՀԷՑ- ի մանրազնին աուդիտ անցկացնել. առաջարկն ընդունվել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայ- ռուսական  տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:

Նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա՝ անշուշտ, հաշվի են առնվել նաև սակագնի բարձրացման սուբսիդավորման միջոցով անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը. երեկ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի շուրջ 105 հազար ընտանիք, այսինքն՝ Հանրապետության շուրջ 400 հազար քաղաքացի կստանան փոխհատուցում: Նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ ցանցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները:

Ըստ նախագահի՝  ճիշտ կլիներ, եթե միջկառավարական հանձնաժողովը յուրահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է: «Մենք մի կողմից ուզում ենք, որ դուք զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մ. Սոկոլով. Կա ՀԷՑ- ը ճգնաժամից դուրս բերելու հստակ ծրագիր

Ըստ Մաքսիմ Սոկոլովի՝ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

ՀՀ Նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button