Հասարակություն

ՀԽ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն

Հանրային խորհուրդը հայտարարություն է ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի բարձարցման հետեւանլով ստեղծված իրավիճակի մասին

«Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացի բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների և աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում:

Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ողջունում է այն փաստը, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդներ, և որ այս շարժումը զերծ է քաղաքական բնույթից և հանդիսանում է քաղաքացիական հասարակության կողմից համարժեք և հիմնավորված հակազդեցության վառ դրսևորում:

Հանրային խորհուրդը դատապարտում է օտարերկրյա լրատվամիջոցների կողմից հայաստանյան իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելու, դրանք քաղաքականացնելու և անհարկի շահարկելու փորձերը:

Հանրային խորհուրդը դատապարտում է նաև հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից իրականացված անհամաչափ գործողությունները, որոնց հետևանքով տուժել են ոչ միայն քաղաքացիներ, այլև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ կրկին ականատես ենք լինում այն արատավոր գործելաոճին, երբ ցույցը ցրելու և բռնություններ իրականացնելու համար օգտագործվում էին քաղաքացիական հագուստով անհայտ անձիք:

Հանրային խորհուրդը ևս մեկ անգամ հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն, և որ ՀԷՑ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի ու դրանց քննարկումների արդյունքում ի ցույց է դրվել համակարգի ներսում տիրող անառողջ և անվերահսկելի վիճակը:

Հանրային խորհուրդը կոչ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կասեցնել սակագնի բարձրացման որոշումը, իսկ իշխանություններին առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն իշխանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ՝ համակողմանիորեն ուսումնասիրելու ոլորտի հետ կապված խնդիրները, զարգացման հեռանկարները, էներգետիկ համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցը, ոլորտն ազատականացնելու բոլոր հնարավոր ուղիները, էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա տարիների հնարավոր և ցանկալի դինամիկան, վճարումների տարբերակված մոտեցումը և այլ հարցեր:

Բարձր գնահատելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձևավորված քաղաքացիական շարժումը՝ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն հասարակական շարժումներին, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասված է Հանրային խորհրդի հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button