Հասարակություն

Հայ չինովնիկները գաղափար չունեն շահերի բախման մասին, ցույց է տվել մոնիտորինգը

lusinevasilyan

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու  «Եվրասիա» հիմնադրամը ուսումնասիրություն են իրականացրել հանրային ծառայությունների ոլորտում՝ փորձելով պարզել,  թե ինչ պատկեր ունի   Հայաստանում շահերի բախում ասվածը: Պարզել են, որ հանրային ծառայողները կամ  լավ պատկերցում չունեն այս հասկացության մասին, կամ  արժեքային մակարդակում խնդրահարույց պատկերացումներ ունեն:

Շահերի բախման մոնիտորինգն  ըստ էության  Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն ասում է, որ օրենսդրության ուսումնասիրություն նախկինում կատարվել է, բայց  հետազոտություն, որը կներառի հարցումներ հանրային ծառայողների շրջանում,  պաշտոնական հարցումներ պետական կառույցներին, չի եղել:

Առաջին հիմնական դիտարկումը, որ անում են հետազոտության հեղինակները, վերաբերում է տարբեր կառույցներում գործող էթիկայի հանձնաժողովներին: Դրանց ստեղծումը օրենսդրության պահանջ է և  հենց այս կառույցներին է վերապահված շահերի բախման  բացահայտումն ու կանխարգելումը:

Հետազոտությունը պարզել է, որ էթիկայի հանձնաժողովները  կառավարման ոլորտում կամ չկան, կամ չեն գործում, իսկ եթե գործում են, դրանց  գործունեության մասին հանրային ծառայողները տեղյակ չեն: «Կարելի է ասել՝ տոտալ անիրազեկություն և անգործություն»,- նշում է փորձագետը։

Ի դեպ, հետազոտությոնը ներառել է նաև տեղական ինքնակառավարման ոլորտը:

Ըստ մարզային հարցումների արդյուքների՝  հանրային ծառայողների ու ավագանիների 50 %-ից ավելին շահերի բախումը չի համարել  կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթ: Ըստ մեկ այլ արդյունքի՝  ՏԻՄ-երում աճուրդներն օրենքի համաձայն են կատարվում, բայց լոտերին մասնակցում է 2 մարդ, որոնցից մեկը վերջում հրաժարվում է, մրցույթում հաղթում է հիմնականում նույն մասնակիցը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանի դիտարկմամբ ՝ հատկապես կառավարման այնպիսի համակարգերում, ինչպիսին նաև  Հայաստանինն է, անկյունաքարային նշանակություն ունի շահերի բախման իրական վիճակի բացահայտումը: Հենց այս նպատակով հարցումներ են անցկացվել 7 նախարարություններում, 140 քաղծառայողի շրջանում:

«Հարցումների նպատակը պարզելն էր, թե որն է վերաբերմունքը, ընկալումը , իմացության աստիճանը  շահերի բախման ասվածի: Շատերը ոչ միայն չեն պատկերացնում կամ խեղաթյուրված են պատկերացնում այս երևույթը, այլ նաև իրենց վարքագծային մոդելով հակասում են ենթադրվող մոդելին»,- նշում է Միքայել Հովհաննիսյանը։

Սա, ըստ Հովհաննիսյանի, խոսում է, ոչ միայն իրազեկության ցածր մակարդակի մասին, այլ նաև փաստում, որ արժեքային մակարդակում խիստ  վիճահարույց է շահերի  բախման ընկալումը: «Շատ հաճախ հարազատին, բարեկամին ինչ-որ գործընթացի մեջ ներգրավելը դիտարկվում է որպես դրական երևույթ: Մարդիկ չեն գիտակցում, որ դա սխալ է  և հանգեցնում է վատ կառավարման կամ սոցիալական արդարության ոտնահարման»:

Որպես առաջարկ հետազոտության հեղինակները խոսում են ոչ միայն օրենսդրական բարեփոխումների, իրազեկման, այսպես կոչված իրավական գիտակցության մեծացման, այլ նաև քաղաքացիական հասարակության կարողությունները զարգացնելու մասին, քանի որ նրանց դերակատարումը ևս մեծ է գործընթացը վերահսկելու, թափանցիկ դարձնելու առումով:

Ի դեպ, զուգահեռելով հետազատության արդյունքները ընթացող գործընթացների հետ,  Միքայել Հովհաննիսյանը հետևյալ դիտարկումն է անում: «Բաղրամյան պողոտայի ցույցը հետևանքն է չվերահսկվող շահերի բախման»։

Ցուցադրել ավելի
Back to top button