Հասարակություն

Ինչու է լռում ՀՀ նախագահը, ինչու հանդարտվեց ոստիկանությունը, ինչու է ստում մամուլը

lianaeghiazaryan
Եթե ևս մեկ անգամ Բաղրամյանում բռնություն կիրառվի, ՀՀԿ-ն շատ արագ կվտարվի ԵԺԿ կազմից: Այս համոզմանն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ով այսօր նաեւ պատասխանել է այն հարցերին, թե  ինչո՞ւ է լռում ՀՀ նախագահը, եւ ինչու միանգամից հանդարտվեց ոստիկանությունը: Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր պարզաբանել է, թե ինչու են պարբերաբար մամուլում հայտնվում տեղեկություններ սակագնի բարձրացման որոշման առկախման. ՀԷՑ-ի վաճառքի մասին: «Հասարակական տրամադրություն են փորձում ճշտել», ասել է փորձագետը:

 

 

Եթե ևս մեկ անգամ Բաղրամյանում բռնություն կիրառվի, ՀՀԿ-ն շատ արագ կվտարվի ԵԺԿ կազմից: Այս համոզմանն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ով այսօր իր տեսակետը բացատրեց այսպես` ԵԺԿ անդամ կուսակցությունները հիմնականում իշխող են իրենց երկրներում և չեն հանդուրժի իրենց անվան հեղինակազարկում, Գրիգորյանի ձեւակերպմամբ` «ընդդիմությունը կուտի նրանց` իրենց իսկ երկրում»: Բանախոսը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում երեկ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ու միջազգային կոալիցիայի անդամները  ՀՀ իշխանության ներկայացուցչին հարց են ուղղել ցույցի ցրման ոչ օրինական մեթոդների մասին: Միջազգային արձագանքն այս իրադարձություններին շատ բուռն էր` ի տարբերություն, օրինակ, մարտի 1-ի դեպքերի, նկատում է Ստեփան Գրիգորյանն ու բացատրում միջազգային հետաքրքրվածության պատճառները. «Բաղրամյանում հավաքված երիտասարդները վայելում են բոլորի համակրանքը»:

«Նախ շնորհավորում եմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրենց բողոքն արտահայտող ակտիվիստներին` որակով, ազնիվ ու խելոք պայքարի համար, ի տարբերություն մեր քաղաքական ուժերի, մեր վերլուծաբանների»:

Ինչո՞ւ է լռում ՀՀ նախագահը, երբ երկիրն այսպիսի տրամադրության մեջ է: «Դա համակարգային թերություն է, կարծում է Գրիգորյանը: Կիսաավտորիտար պետություններում ինֆորմացիան հաճախ նախագահին չի հասնում ողջ խորությամբ: Կարծում եմ, որ ճգնաժամի խորությունը նախագահին պարզապես լավ չեն ներկայացնում», շեշտեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Մի հարց էլ կա, որը հաճախ է տրվում ոստիկանների` առաջին օրվա ագրեսիվ գործողություններից հետո: Ինչու է այսժմ ոստիկանությունը հանդարտ: «Ակնհայտ է, որ իշխանությունը որոշում պետք է ընդունի: Պարզ է, որ ինքնահոսի թողնելու դեպքում շարժումը կմեծանա ու կտարածվի ողջ Հայաստանով: Չեմ կարծում, թե իշխանությունը սա չի հասկանում, պարզապես նրանք հիմա անորոշ վիճակում են և չգիտեն` ինչպես փոխել որոշումը, քանի որ, ըստ իրենց, դա կդիտարկվի որպես կառավարության պարտություն: Մասնագետը, այնուամենայնիվ, կարծում է, որ դա պարտություն չպետք է դիտարկել, փոխարենը պետք է ձև գտնել և հետ կանչել իսկապես ապօրինի այս որոշումը»:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի շարժումն, իրոք, սոցիալական է, քաղաքական տարրեր չկան, համաձայն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Բայց, նրա գնահատմամբ, դա միանշանակ չէ հատկապես արտասահմանյան լուսաբանումներում: Ցավոք, այս սովորական ակցիայի մեջ մեդիա առումով մտել են այլ խաղացողներ` ամեն մեկն իր հետապնդած շահերով: Խոսքն առաջին հերթին ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցների մասին է: Սրանք սկսեցին շրջանառել «տարիֆային մայդան» ձեւակերպումը, արեւմտյան լրատվամիջոցները, դրանց հղում անելով, մեջտեղ բերեցին «Էլեկտրոմայդան» ձեւակերպումը: Սրանց Տիգրան  Քոչարյանը պարզ բացատրություն է տալիս, այդպես են անում, քանի որ որոնողական համակարգերը «մայդան» բառով շատ այցելություն են ապահովում իրենց, բայց նաեւ քաղաքական հստակ շահեր կան: Հայաստանն անկախ իր կամքից առնչվում է իրենից անջատ մի պատերազմի` ռուս-ուկրաինական, այս ակցիան էլ նշված կողմերն օգտագործում են` իրար ցավեցնելու համար: Ռուսական եւ ուկրաինական թեւի հետ բացատրական աշխատանքը տվել է արդյունք, եվրոպական ուղղությամբ դեռ աշխատանք է պետք տանել:

«Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց` ինչու են պարբերաբար մամուլում հայտնվում տեղեկություններ, թե սակագնի բարձրացման որոշումն առկախվել է, թե Սերժ Սարգսյանը վերադառնալուն պես կհայտարարի այդ մասին, թե «ՀԷՑ»-ը գնել է ռուսաստանաբնակ հայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Տիգրան Քոչարյանն այս առումով հետեւյալ դիտարկմանն է:  Այնպես չէ, որ նույն իշխանությունը շատ շահագրգռված է, որ ակտիվիստները ցրվեն, եթե ուզենային ցրել, կցրեին, հաջորդ օրը չէին թղնի նորից հավաքվել: Ինչ վերաբերում է տարատեսակ լուրերին, ապար դրանք հասարակական տրամադրություն ստուգելու համար: Նույն վարչապետի երեկվա հայտարարությունը` թե գինը չի իջեցվելու, հենց դրա համար էր` ստուգել` ինչ է լինելու: Այստեղ մի խնդիր կա` մի կողմից ժողովուրդը, որի 99 տոկոսը պահանջում է որոշման կասեցում, մյուս կողմում իշխանությունն է, երրորդ կողմում` ռուսական ընկերությունը, այսինքն` այստեղ «երես փրկելու» խնդիր կա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նաեւ վստահ է, որ եթե մի փոքր հնարավորություն լինի, շատ քաղաքական ուժեր ու հայացքներ կարող են թափանցել այս շարժման մեջ, ուստի պետք է զգուշանալ տարատեսակ սադրանքներից:

Ցուցադրել ավելի
Back to top button