Մշակույթ

Այսօր Սերո Խանզադյանի մահվան օրն է

alisagevorgyan
2015-ի դեկտեմբերին կնշվի հայ մեծանուն գրող Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը: Նա կյանքից հեռացավ 1998 թվականի հունիսյան  այս օրը: Գրողի մահվան օրվա առիթով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ամփոփված  գրողի շիրիմին էին այցելել գրչընկերները, մտերիմներն ու հարազատները:

 

 

Նա ծնվել էր Գորիսում, 1915 թվականին: Ծանր մանկություն ու պատանեկություն էր ունեցել, իսկ ավելի ծանր՝ երիտասարադություն: «Բայց դաժանության հարող այդ ծանրությունը կարծես  ստեղծված էր եղել միայն նրանից տոկուն ու հաղթական մարտիկ  կոփելու համար: Նա պետք է փրկվեր և պայքարեր իր և մեր բոլորիս նախնու տանուլ տված հաղթանակները ետ բերելու և պետք է կռվեր իր և մեր նախնու չապրած կյանքերն ապրելու համար: Քաղցի և մտավոր ամլության տարիների վկա՝ նա ծարավի էր իրենից մշակութային կոթող բարձրացնել, և բարձրացրեց այդ կոթողը, որի իրական չափերը, որի իրական կարևորությունը մենք այսօր տեսնում ենք և վաղն ենք զգալու — նրա ձայնից, նրա խենթությունից, նրա իմաստությունից, նրա քաջությունից ու խոհեմությունից այլևս պարպված մեր պարապ հրապարակներում»,-1998-ին Սերո Խանզադյանի մահվանից հետո ասել էր Հրանտ Մաթևոսյանը:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով՝ 1940-ականներից մինչև մահը Սերո Խանզադյանը ստեղծագործեց ու մեզ թողեց հրաշալի գրական ժառանգություն:

«Ազգասեր, բարեկամասեր, խանզադյանների ամբողջ ազգի համար կյանքը կտար: Որպես գրող մեզ համար , իհարկե պարծանք  էր, բայց անփոխարինելի էր նաև որպես եղբայր: Սերոն և մյուս եղբայրս պահել են իրենց հինգ քույրերին»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց Սերո Խանզադյանի քույրը՝ Վերժինե Խանզադյանը:

«Հայրենիքն ամենամեծ արժեքն է» գրողի որդին ՝ գեղանկարիչ Արարատ Խանզադյանն ասում է, որ սա էր Սերո Խանզադյանի դավանանքը: «Հայրս հայրենապաշտ  էր»,-ասում է:

Արարատ Խանզադյանը նաև հիշեց «Մխիթար Սպարապետ» ֆիլմի համար «Մոսֆիլմը» 150 հազար ռուբլի էր տրամադրել, նույնքան գումար էլ ֆիլմին հատկացրել էր Կարեն Դեմիրճյանը: Հավաքաված 300 հազար ռուբլու շնորհիվ  Էդմոն Քյոսայանն օժանդակեց  նաև «Խոր Վիրապի» վերակառուցմանը:

Back to top button