ԿարևորՔաղաքական

ՄԱԿ- ը կառուցողական երկխոսության եւ բռնությունից զերծ մնալու կոչ է անում

«Մենք մտահոգված ենք Երևանում հունիսի 23-ին բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում և լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մասին ստացվող հավաստի հաղորդագրություններով»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանը։

Նա կոչ է արել իշխանություններին շտապ և մանրազնին հետաքննել այս դեպքերը։ «Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ  համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները»,- ասել է նա։

ՄԱԿ- ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակը նաեւ ողջունել է  ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ «Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»,- ասել է Շամդասանը։

Ցուցադրել ավելի
Back to top button