Հասարակություն

Հաստատվեց ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները

hasmikdilanyan
Հայաստանի կառավարությունն այսօր  հաստատել է  2015 թվականին ՀՀ  ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները:  Յուրաքանչյուր տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է հինգ հասարակական միավորում, որոնց ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

2015 թվականին հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով ՀՀ ոստիկանությունում հայտեր էին ստացել 5 հասարակական կազմակերպություններից: Ռոտացիոն կարգով յուրաքանչյուր տարի հնարավորություն կտրվի այլ հասարակական միավորումների նույնպես ընդգրկվելու հանձնաժողովի կազմում: Նախագծի ներկայացումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նախագիծը կառավարության նիստի օրակարգում է եղել դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան փողոցում դեռևս ակցիաներ չէին էլ իրականացվում:

Սակայն, ոստիկանական կարգապահական հանձնաժողովի աշխատանքներն այս օրերին  ավելի հրատապ են դառնում, քանի որ այն ոստիկանության համակարգում գործող մշտական մարմին է, որի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների  կողմից   կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն է:

Կառավարության ղեկավարի խոսքով, հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան փողոցում հասարակական կարգի պահպանմանը ներգրավված ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության ու միջազգային գործընկերների կողմից արձագանք են առաջացրել:

Ոստիկանությունը արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակել, «այս տեսանկյունից կարծում եմ, որ կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի, բացի արդյունավետ աշխատանքից հանրությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ, աշխատանք»:

«Օգտվելով առիթից ես ուզում եմ դիմել նաև մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու, առաջարկում եմ, որ լինեն ավելի  կառուցողական, և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է իրենց կողմից: Ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյանը, և նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, իմ կարծիքով, չի համապատասխանում մեր սահմանադրությանը և օրենքներին։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ, և միասին քննարկել բոլոր այն խնդիրները, որ հուզում է մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button