Հասարակություն

Ամառային զորակոչի ընթացքում 60 դիմում-բողոք է ստացվել

karenghazaryan
Այսօր տեղի է ունեցել ամառային զորակոչի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման եւ արագ լուծման նպատակով Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովն իր նիստերը կանցկացնի յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: Հանձնաժողովը կգործի մինչեւ զորակոչի ավարտից 5 օր առաջ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը տեղեկացրել է, որ ամառային զորակոչի ընթացքում արդեն ստացվել է 60 դիմում-բողոք:

 

 

Զորակոչային հանձնաժողովի նիստերը հավաքներից շուտ են սկսվում, որպեսզի հնարավոր լինի ժամանակին քննելու եւ ուսումնասիրելու բոլոր դիմում բողոքները եւ համապատասխան ընթացք տալու: Պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի զորակոչային հանձնաժողովի ղեկավար Գեղամ Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը ստացված 60 դիմում-բողոքների գերակշիռ մեծամասնությունը վերաբերում է զորակոչիկների առողջական խնդիրներին:

«Դրանք այն հարցերն են, որոնք առավել ուշադիր քննարկում են պահանջում եւ այդ նպատակով մենք միշտ հանձնաժողովի կազմում ընդգրկում ենք համապատասխան մասնագետներ՝ եւ իրավաբաններ, եւ բժիշկներ: Այն իր ներկայացուցչական օպտիմալ կազմով հնարավորություն է տալիս մեզ դիմում-բողոքները քննարկել ըստ էության»:

Զորակոչիկների առողջական խնդիրների մեջ առանձնանում են սրտի հետ կապված, հենաշարժական համակարգին առնչվող խնդիրները: Գեղամ Հարությունյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովին հնարավոր է դիմել բոլոր աշխատանքային օրերին, բոլոր աշխատանքային ժամերին: Հետաքրքրող հարցերը քաղաքացիները կարող են ճշտել նաեւ 52-34-82, 52-34-86 հեռախոսահամարներով: Դիմումները, սակայն, ընդունվում են միայն գրավոր:

«Պետք է ներկայանալ Մոսկովյան 5 հասցե՝ դիմումին կցելով այն փաստաթղթերը, որոնք, ըստ էության, վերաբերում են դիմում-բողոքներին եւ թույլ կտան հանձնաժողովականներին խորամուխ լինելու ներկայացված հարցերի մեջ»:

Գեղամ Հարությունյանի խոսքով՝ վերջին մի քանի զորակոչերի ընթացքում հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների քանակը կտրուկ մեծացել է: Նախորդ զորակոչին, օրինակ, ստացվել էր 283 դիմում եւ բողոք, որի շուրջ 93 տոկոսը վերաբերել է զորակոչիկների առողջական խնդիրներին: ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը փոխանցեց, որ դրանց 1/3-րդին ընթացք չի տրվել, քանի որ զորակոչային մարմինների ընդունած որոշումները եղել են հիմնավորված: Նման դեպքերում հանձնաժողովը մանրակրկիտ բացատրում է ընդունված որոշումների հիմքերը՝ ասաց նա:

«80 տոկոսից ավելին, որպես կանոն, ընդունում են մեր պարզաբանումները, համոզվում են ընդունված որոշումների արդարացիության մեջ եւ այլեւս չեն շարունակում բողոքարկումը: Դիմում-բողոքների 2/3-րդին ընթացք ենք տվել՝ տարբեր միջնորդություններ ներկայացնելով զորակոչային մարմիններին: մասնավորապես՝ պիտանիության որոշումների հետ կապված 34 դեպքում վերանայվել են ընդունված պիտանիության որոշումները. տրվել են տարկետումներ կամ զորակոչիկները հաշվառվել են պահեստազորում: 20-ից ավելի դեպքերում, մեր միջնորդություններից հետո, հայտնվել են լրացուցիչ հոդվածներ, որոնցով տրվել են սահմանափակումներ»:

Հանձնաժողովի աշխատանքը բավականին արդյունավետ կերպով նպաստում է, որ ընդունվեն հիմնավորված, ճիշտ որոշումներ եւ դա հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն է՝ ասաց ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նախագահը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովի գործունեությունը կավարտվի զորակոչի ավարտից 5 օր առաջ, քանի որ դրանից հետո այն հնարավորություն չի ունենա դիմում-բողոքները քննարկելու եւ համապատասխան միջնորդագրեր ներկայացնելու: Գեղամ Հարությունյանը խորհուրդ է տալիս հանձնաժողովի գործունեության ավարտից հետո դիմում բողոքները ներկայացնել հանրապետության զինկոմին՝ որպես կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահի:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button