Հասարակություն

Ում գրավոր հրամանով է գիշերը սկսվել կոշտ գործողությունը. Լարիսա Ալավերդյանը պատասխան է պահանջում

lianaeghiazaryan
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների նկատմամբ խախտվել են քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային կոնվենցիաների առնվազն 4 խոշոր հոդված, այսօր հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` հարց բարձրացնելով` ում գրավոր հրամանով է գիշերային ժամին քաղաքացիների դեմ կոշտ մեթոդ կիրառվել: Բանաստեղծ Դավիթ Մշեցին, ով բողոքողների առաջին շարքում է, բոլորին կոչ է արել չտրվել ոստիկանների սադրանքներին ու միասնական կոչի տակ հանդես գալ:

Որքանով են իրավաչափ իրավապահ մարմինների գործողությունները վերջին օրերին, եւ որքանով է ճիշտ ձեւակերպում իր պահանջը հասարակությունը: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը զարմանում է` այս առումով երկու կարծիք պետք է որ չլիներ, գոնե ցուցարարների գործողությունները գնահատելիս: Մի բան, ըստ նրա, հստակ է` եթե կա ոչ համաչափ ուժի կիրառում, եթե կա լրագրողների հանդեպ ամենակոպիտ, զարգացած երկրներում գրեթե մերժված միջոց` բռնությունը, ուրեմն այլ կարծիք չկա: Անգամ եթե լրագրողների նկարահանող սարքերը վերադարձվեն կամ վերականգնվեն, իրավախախտ ոստիկանների նկատմամբ պատիժ պետք է լինի, հայտարարում է Լարիսա Ալավերդյանը: «Մեր հասարակությունը տարեցտարի որակական բարելավում է արձանագրում, այնինչ իշխանությունն է ետ մնում իր զարգացմամբ»:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր 2 հարց բարձրացրեց ու պահանջեց դրանց պատասխանները` համեմատություն անցկացնելով այս եւ մարտիմեկյան դեպքերի միջեւ: Մարտի 1-ին ոստիկանական գործողությունները սկսվել էին 7-ին 20 պակաս, այս անգամ` կրկին լուսադեմին` 5.30: Հարց` ով է այդ ժամին տվել նման գործողությունների գրավոր հրաման, որովհետեւ սա համարվում է գիշերային ժամ: «Հասարակությունը պետք է տեղյակ լինի` ով է գրավոր տվել այդ հրամանը, ինչ է պարունակում այն, որ գիշերվա ժամով սկսվել են այդ գործողությունները: Ինձ համար դա չափազանց կարեւոր իրավական, անգամ իրավաբանական հարց է դա»:  

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների նկատմամբ խախտվել է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային կոնվենցիաների առնվազն 4 խոշոր հոդված, մասնավորապես,  անձնական անձեռնմխելիության մասով: Ինչու նախնական կանխարգելիչ քայլեր չեն կիրառել: Խաղաղ ցուցարարների դեմ ում հրամանով են հանվել ջրցան մեքենաները, երբ դա համարվում է կոշտ մեթոդ ու պրակտիկայում կիրառվում է ոստիկանների կյանքն ուղղակիորեն վտանգող խիստ լարված պահերին: Սա միջազգային համաձայնագրերի շատ կետերով ուղղակի արգելվում է, շարունակում է Լարիսա Ալավերդյանը:  Սրանով իշխանություններն ուղղակի ուզում էին ցույց տալ` ով է երկրի տերը: Բայց միանշանակ է` երկրի տերն այսօր պահանջող առաջադեմ քաղաքացին է, ում եւ ողջունում է Ալավերդյանը: Ինչ վերաբերում է մի քանի հոգանոց խմբի հետ նախագահի կողմից առաջարկված բանակցությանը, ապա «որեւէ արդյունավետ զրույց պետք է չլիներ, հատկապես, որ հայտարարվել է, թե նախագահը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ այդ որոշման կայացման վրա»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը վստահ է` հնարավոր էր նաեւ առանց քաղաքացիներին վերակենդանացման բաժանմունքներ հասցնելու, բայց ոստիկանությունը գնաց կոնկրետ պատժիչ գործողությունների: Ընդ որում` մարդկանց հանդեպ բռնություններ են եղել հենց ոստիկանական բաժիններում: Այս դեպքում անհասկանալի դատավարական կարգավիճակում մարդկանց տարան բաժիններ ու միջինում պահեցին մոտ 12 ժամ, իսկ բռնեցին նրանց, ովքեր վազում էին ավելի դանդաղ, քան միջին վիճակագրական ոստիկանը, ասում է Դանիել Իոաննիսյանը:  «Ես իմ փորձից հասկացա, որ մեր ոստիկանները այդքան էլ արագ չեն վազում, բերման ենթարկվելուց խուսափեցին բոլոր նրանք, ովքեր ոստիկաններից արագ էին վազում: Խնդիր էր դրված բոլորին տանել բաժին, անխտիր բոլորին»:

Բանաստեղծ Դավիթ Մշեցին այսօր ներկայացավ նախ որպես զինվոր, ոչ որպես մտավորական: Նա բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին հորդորեց չտրվել ոստիկանների սադրանքներին, միասնական կոչի տակ հանդես գալ: Ոստիկանությունը բախման ժամանակ ամեն բան արեց ինչ-որ մի շշուկ փախցնելու համար: Բողոքողների առաջին շարքում գտնվող Դավիթ Մշեցին հայտարարում է` ոստիկանները սադրում էին, իսկ իրենք բոլորը միանշանակ հասարակական կարգ չեն խախտել ու խուլիգանություն չեն ցուցաբերել. այդպիսի հստակ պայմանավորվածություն կա: « Սադրեցին ամեն կերպ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք` մենք հանգիստ ենք: Անգամ երբ իմ ձեռքերին ձեռնաշղթա էին հագցնում, ես ոչ մի շարժում չեմ արել, անգամ այդ դեպքում ոստիկանը ձեռքերս է ոլորում, ինչ-որ «պրյոմ» է ցույց տալիս, թե ես կարող եմ էսպիսի բանէլ  անել, բայց իմ կողմից` նորից ոչ մի բան:  Ու երբ ոստիկանությունում ասում են, թե խուլիգանության հոդվածով են մեզ բերել, մենք հարց են տալիս` խնդրեմ` ինչու եք այդ հոդվածով բերել:

Ոստիկանությունում ցուցարարներին նախատեսվածից ու թույլատրելիից երկար պահեցին, որ թրջված, հոգնած, քաղցած երիտասարդներն ի վիճակի չլինեին հաջորդ օրվա ցույցին մասնակցել: Սա որոշակիորեն անվերահսկելի իրավիճակ ստեղծեց, բայց կամքը չի կոտրի, ասում է բանաստեղծ Դավիթ Մշեցին:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանը, շարունակելով թեման, նախ արդարացնում է բողոքի այս ձեւը` բացատրելով` ԱԺ-ը միջնորդ չէ քաղաքացու տեսակետը տեղ հասցնելու, այն որպես այդպիսին չի աշխատում, Հանրային խորհուրդը «քնած» է, դատարանները վստահելի չեն, դատախազությունը` եւս, ոստիկանությունը թշնամի է դիտարկվում, այսինքն` հարթակներ չկան, որ ժողովուրդն առանց փողոց դուրս գալու կարողանա իր հարցերը լուծել: Էլ ինչպես պայքարի ժողովուրդը: 24-6

Ցուցադրել ավելի
Back to top button