Հասարակություն

Մեկնարկել է օֆշորային սկանդալի գործով դատավարությունը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված` օֆշորային մեքենայությունների գործով առաջին դատական նիստը: Գործով տուժողներն են Փայլակ և Վարդան Հայրապետյանները: Վերջինս գործարար Փայլակ Հայրապետյանի որդին է, ով, սակայն, դատարան չէր ներկայացել: Հոր խոսքով` որդին առողջական խնդիրներ ունի և չի կարող ինքնուրույն տեղաշարժվել: Հայրապետյանի խոսքով՝ որդու անունից հանդես կգա նրա ներկայացուցիչը, հայտնում է «Երկիրը»:

Գործով ամբաստանյալ, Հայրապետյանի սնանկացման գլխավոր դերակատար համարվող ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը դատարանում առանց պաշտպանի էր: Նա հայտնեց, որ իր պաշտպան Յուրիկ Խաչատրյանը բացակայում է հանրապետությունից, սակայն դատարանն արձանագրեց, որ այդ կապակցությամբ պաշտպանը դատարանին պատշաճ գրություն չի ուղարկել:

Թեև նախաքննության ընթացքում Յուրիկ Խաչատրյանը մշտապես դժգոհում էր իր պաշտպանյալի առողջական վիճակից, սակայն դատարան ներկայացած ամբաստանյալը բավական առույգ և երիտասարդ տեսք ուներ:

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հուլիսի 9-ին:

Լրագրողների հետ զրույցում գործարար Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ այս գործը չեն կարող կոծկել, քանի որ այն լայն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Դիտարկմանը, թե այն հանգամանքը, որ քրեական գործով ո’չ Տիգրան Սարգսյանը և ո’չ էլ Կճոյանը չեն անցնում, չի՞ վկայում այն մասին, որ գործն արդեն իսկ կոծկված է, Հայրապետյանը պատասխանեց. «Գործի նյութերի առաջին հատորում կա, որ իրենց մասով առանձին քննություն է լինելու, բայց այդ մասին ինձ ոչ ոք դեռ ոչինչ չի ասել»:

Աղբյուր՝ Yerkir.am

Ցուցադրել ավելի
Back to top button