Հասարակություն

Կյանքի առաջին 1000 օրը. ինչպես ճիշտ սնել երեխային

aidaavetisyan
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Վոլդ Վիժն ու ՀՀ առողջապահության նախարարությունը համատեղ 2014 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի հունիսը Հայաստանում իրականացնում  են «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որն էլ ներառում է հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ծրագիրն իրականացնողները ամփոփել են  ծրագրի ձեռքբերումները:

 

 

Վերջին տարիների ուսումնասիրությունները փաստել են, որ երեխաների ու հղիների թերսնուցման խնդիրները տարեց տարի աճում են, սակայն առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը նկատում է, որ  թերսնուցման խնդիրներն առկա են ոչ միայն սոցիալապես անապահով, այլև բարեկեցիկ ընտանիքներում, որտեղ երեխայի ծնողները չեն գիտակցում թերսնուցման բարդ հետևանքների մասին: Ոլորտը վերահսկողներն առողջ երեխա ունենալու  երաշխիքները տեսնում են  հղիության 9 ամիսներին և երեխայի ծնունդից մինչև երկու տարեկան հասակում կանոնակարգված սնունդ ստանալու մեջ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն  Ալիսոն Մաքֆարլենդն էլ իր հերթին փաստեց՝   հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 25 տոկոսը թերաճ են: Եվ իրենց նպատակն է  Հայաստանում հազարամյակների մարտահրավերների  շրջանակներում կրճատել մանկահասակ երեխաների մահացության  ու  թերքաշության  ցուցանիշերը:

«Մենք կարևորում ենք նաև մեկ լուրջ խնդիր վաղ հասակի երեխաների շրջանում: Հայաստանում երեխաների 15 տոկոսը գերքաշ է: Գերքաշ երեխաների զգալի մասը գտնվում է 12-17 ամսական և 48-59 ամսական տարիքային խմբերում. այս տարիքային խմբերում յուրաքանչյուր հինգերորդ երեխան գերքաշ է»:

Հղիության 9 ամիսներին ու մինչև երկու տարեկան հասակում բավարար սնունդ չստանալն ազդում է երեխայի ուղեղի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա, քանի որ հենց այս ժամանակահատվածում են  ձևավորվում  նյարդային համակարգի  բոլոր հիմնական հատվածները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան  ներկայացուցիչ Հենրիետ Արենսի խոսքով՝  այս առումով խրախուսվում է կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրումը:

«Մենք փորձում ենք աջակցել Հայաստանում թերաճության  կրճատմանն ուղղված ծրագրերին: Մենք խրախուսում ենք կրծքով կերակրելը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Ժողովրդագրական հետազոտությունները փաստում են, որ երեխաների 2.3 տոկոսը  չեն  ստանում բացառապես կրծքով սնուցում և ոչ էլ հավելյալ սնունդ: Վիտամինները պատշաճ  հավելումներ պետք է տրամադրվեն հղիներին: Պետք է վերահսկվի, որպեսզի  մանկական և մայրական առողջությունը լինի առողջապահության բազում ծրագրերի անբաժանալի մասը, որպեսզի վարակներն ու այլ հիվանդությունները չազդեն երեխաների առողջության վրա»:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ  առողջապահության նախարարությունը, Վոլդ վիժնի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է   «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության և սնուցման բարելավման ծրագիրը: Առողջապահության նախարարության բյուջեով 10 մլն դրամ է  հատկացվել  վաղ հասակի երեխաների առողջ սննդակարգը  ապահովելու վերաբերյալ հանրային իրազեկման համար: Եվ արդեն բուժհաստատություններին, ապագա մայրերին ու արդեն մայրացածներին   են տրվել կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակերպի  վերաբերյալ ձեռարկներ,  առողջապահության նախարարի հրամանով  կազմակերպվել է վաղ տարիքի երեխայի առողջ սնուցման վերաբերյալ  10 օրյա դասընթաց:

Դեռևս Սյունիքի, Տավուշի,  Լոռու և Շիրակի մարզերի պոլիկլինիկաների բժիշկների համար էլ կազմակերպվել է վերապատրաստման դասընթացներ: Սակայն մինչև տարեվերջ  նմանօրինակ դասընթացներ կկազմակերվեն նաև Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում: Սակայն նախարարության ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության  2009 թվականին իրականացրած գնահատումը ցույց է տվել, որ  երեխաների սննդակարգի սխալ կազմակերպման հիմնական  պատճառները  կապված են ծնողների անբավարար գիտելիքների և սնուցման  հարցերի վերաբերյալ բուժաշխատողների տրամադրած անբավարար խորհրդատվության հետ: Խնդիրը  լուծելու համար էլ անցած մեկ տարվա ընթացքում Վոլդ Վիժնի կողմից Գեղարքունիքի և Տավուշի մարզերում  ստեղծվել է ծնողական դաստիարակության  19 կենտրոն, որի նպատակն է մայրերին ներգրավել  երեխայի սնուցման  խնդիրներին և ճիշտ կազմակերպել հղիի ու երեխայի կյանքի առաջին 1000 օրերի սննդակարգը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև հաջորդ տարի կենտրոնների թիվը հասցնել 90-ի:

Երիտասարդ և ապագա ծնողներին կրծքով սնուցման, վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման և  գրագետ խնամքի սկզբունքների և երեխաների առողջ սնուցման ու պատշաճ խնամքի համար էլ  մայիսի 22-ից հունիսի 29-ը Տավուշի, Սյունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակներում անցկացվել են «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես- միջոցառումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button