Հասարակություն

Իրավապաշտպանները համոզված են. ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել

lusinevasilyan
Իրավապաշտպանները կարծում են, որ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում  ոստկանությունն  անհամաչափ ուժ է  կիրառել, իսկ իրավապահների գորրծողությունները միտված են եղել բողոքի ակցիան սաստելուն: Լրագրողական կազմակերպությունների դիտարկմամբ՝ հատկապես մտահոգիչ են լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է 15 լրատվամիջոցների աշխատանքը. Խոսքի ազատության պաշտպանության  կոմիտեի նախագահ Աոտ Մելքոնյանն այս ցուցանիշն աննախադեպ է որակել: Իսկ որպես դրական փաստ իրավապաշտպանները նշել են ոստիկանության բաժանմունքերում ակտիվիստների իրավական արդյունավետ պաշտպանության կազմակերպումը, նաև միջազգային կառույցների արագ ու սթափեցնող արձագանքը:

Հունսի 23-ին Բաղրամյան պողոտայի խաղաղ հավաքը ցրելիս ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ,  ոչ արդարացված բռնություններ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ : Ակտիվիստների  հետապնդումները և ձերբակալումները չեն հետապնդել իրավաչափ նպատակ : Խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը: Սրանք իրավապաշտպանների գնահատականներն են հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիան ցրելելիս իրավապահների գործողությունների առնչությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  խորհրդանշական է համարում նաև հանգամանքը, որ իրադարձությունները տեղի ունեցան հենց Սահմանադրական դատարանի շենքի մոտ:

«Պատահական զուգադիպությամբ թե օրինաչափությամբ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտվեցին  հենց ՍԴ շենքի մոտակայքում: Սա, մեղմ ասած, ոչ կոռեկտ ուղերձ է հանրությանը»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղի ունեցածի մեջ  ամենամտահոգիչը  համարում է լրագրողների նկատմամբ  կիրառված բռնությունը: Ըստ կազմակերևպության տվյալների՝  հունիսի 23-ին բռնության է ենթարկվել 13 լրագրող և օպերատոր, խոչընդոտվել է 15 լրատվամիջոցի աշխատանք: Այս վիճակագրությունն, ըստ Մելիքյանի,  ազդելու է այն  առաջընթացի վրա, որը վերջին տարիներին արձանագրում էր Հայաստանը մամուլի ազատության ոլորտում՝   միջազգային կառույցների գնահատականների համաձայն:

«Ես համարում եմ, որ հունսի 23-ը հայաստանյան լրատվամիջեցների սև երեքշաբթին էր, որովհետև բռնությունների քանակն ու ծավալները գերազանցում են նույնիսկ Մարտի 1-ին արձանագրվածը: Մեկ օրվա ընթացքում այսքան ու այսպիսի բռնություններ վաղուց չէր արձանագրվել: տարօրինակ կլինել ակնկալել, որ սա Հայաստանի վարկանիշի վրա չի ազդելու ու հաջորդ տարչվա զեկույցներում չի արտացոլվելու»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նախագահ   Հայկուհի Հարությունյանն , այդուհանդերձ, երկու  դրական  միտում արձանագրում է: Առաջինն այն է, որ ոստիկանության բաժանմունքեր բերված քաղաքացիների իրավական պաշտպանությունը արդյունավետ է կազմակերպվել: Ակտիվիստներն, ըստ իրավապաշտպանների,   բերման են ենթարկվել առանց իրավական հիմքերի, պահվել են օրենքով թույլատրելի ժամկետներից երկար, առանց փաստաբանների: Կազմակերպությունը ներկայացուցիչներ է ունեցել 4 բաժանմուքներում՝ 3-ը Երևանում, 1-ը՝ Աշտարակի ոստիկանությունում: Ի դեպ կազմակերպության համար հարց է, թե ինչու՞ էին Երևանի ցուցարարներին տեղափոխել Աշտարակի բաժին:

Պատասխանատվության հարցը իրավապաշտպաններն այս պահին համարում են ամենագլխավորը: Թե ակտիվիստների նկատամամբ բռնություն կիրառած, թե լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկաններն ըստ նրանց, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ի դեպ, ոստիկանապետի ներողություն խնդրելու պատրաստակամությունը նրանք հետաքրքիր քայլ են համարում, բայց նաև ակնկալում, որ այն գործնական դրսևորում ունենա՝ արտահայտվի օրինակ ոչ օրինական  գործողություններ կատարած ոստիկանների դեմ հարուցված կոնկրետ քրեական գործերով,  լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու հետևողականությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button