Հասարակություն

Փաստաբանները մատնանշում են ոստիկանների անօրինությունները

lianaeghiazaryan

Այսօր լրագրողներին են հանդիպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ու երեկ գիշերը ոստիկանների հետ բախումից տուժած լրագրողները եւ նրանց իրավապաշտպան փաստաբանները: Նրանք հայտարարել են, որ ոստիկանների գործողություններում բազմաթիվ են անօրինական քայլերը: Փաստաբանները Հայաստանում բողոքի այս ակցիան առանձնացնում են լրագողների հանդեպ բռնության սաստկությամբ: Տուժած լրագրողներն ուշագրավ դրվագներ են ներկայացրել բախումներից, իսկ փաստաբանները հստակ կոչով են դիմել քաղաքացիներին, նրանց, ովքեր տարվել են կամ հետագա պայքարի ժամանակ հնարավոր է տարվեն ոստիկանական բաժանմունքներ։

Ի՞նչ է կատարվել երեկ գիշերը Երեւանի կենտրոնում` Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ հատվածում: Ինչպե՞ս է սկսվել ոստիկանների եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների բախումը, ինչպե՞ս է ստացվել, որ բախման հետեւանքով տասնյակ լրագրողներ են տարվել ոստիկանական բաժանմունքներ, որոնց լրագրողական սարքավորումներն առգրավվել ու վնասվել են ոստիկանների կողմից:

«Հետք» պարբերականի լրագրող Հրանտ Գալստյանը հիշում է անցյալ գիշերվա  բախման մանրամասները` նախ շեշտելով` լրագրողական վկայականները որեւէ ուշադրության չէին արժանանում. ոստիկանների վերաբերմունքը բոլորի հանդեպ նույնն էր: Լրագրողներն անգամ հայտարարում են, որ ոստիկաններն իրենք էին խլում ու պատռում լրագրողների վզից կախված կամ հագուստին փակցված վկայականները, հետո պահանջում ցույց տալ դրանք: Հրանտին եւս տասնյակ քաղաքացիների հետ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք:

Երեկվա բախումների ժամանակ տուժած լրագրողները հայտարարում են, որ բռնություն գործադրող ոստիկանները հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին, նրանց ավելի հեշտ էր մտնել քաղաքացիների շարքեր: Լրագրողները վստահ են, որ դրանք ոչ թե պայքարող քաղաքացիներ էին, ովքեր հենց այնպես վեճի մեջ էին մտնում մյուսների հետ, այլ ոստիկաններ, ում նրանք նախկինում ճանաչել են, եւ ովքեր շատ քաղաքացիների թեեւերը ոլորած տանում էին հենց դեպի ոստիկանական մեքենաներ:

«Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանը շեշտում է` այս իրավիճակում հասկանալի չէ` որտեղ է սկսվում օրենքն ու որտեղ ավարտվում, եւ ինչպես է պատահում, որ քաղաքացիների շահերի պաշտպանության գործը ստանձնած ոստիկանները ոտնահարում են հենց քաղաքացիների շահերը:

Քաղաքացիներից ու լրագրողներից առգրավված հեռախոսները, լուսանկարչական եւ տեսանկարահանման սարքերը ոստիկանները լցրել են մի ընդհանուր մեծ թաց տոպրակի մեջ, պատմում են բողոքի ակցիայի մասնակիցները: Թե ինչպես են հետո դրանք վերադարձվելու, ով է պատասխան տալու գույքի կորստի համար, հարց է մնում: Բազմաթիվ հարցեր ունեն նաեւ տուժողների փաստաբաները: Հարցերը տարատեսակ են ու բազմաթիվ:

Փաստաբան եւ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանն այսօր հայտարարել է, որ անօրինական է զանգվածաբար քաղաքացիներին տանել փորձաքննության, ինչպես վարվել են ոստիկանները` մարդկանց նարկոդիսպանսեր եւ խմածության աստիճան որոշելու տանելով: Նա բոլոր տուժածներին կոչ է արել զանգվածաբար դիմել դատարան` պահանջելով ոտնահարված իրավունքների վերականգնում, գույքի վերադարձ. խոսքն առգրավված եւ վնասված լուսանկարչական սարքերի եւ հեռախոսների մասին է:

Փաստաբանը եւս մեկ հորդոր է ուղղել քաղաքացիներին: «Խնդրում եմ այն քաղաքացիներին, ովքեր բերման կենթարկվեն ոստիկանական բաժանմունքներ, որեւէ ցուցմունք, բացատրություն չտան, քննչական գործողությունների չմասնակցեն առանց փաստաբանի մասնակցության, քանի որ նրանց ամեն խոսք հետո կարող է օգտագործվել իրենց իսկ դեմ: Եթե անվճարունակ են, թող պահանջեն փաստաբան, այսօր պետությունն ապահովում է դա, հանրային պաշտպանի գրասենյակ կա: Թող դիմեն, իրավապաշտպաններ կան, առանց նրանց ոչ մի բացատրություն չտան»։

News.am կայքի լրագրող Աիդա Հովհաննիսյանի լրագրողական ապարատը ոստիկանները բռնությամբ նրա ձեռքից վերցրել են հենց մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ։ Փաստաբանները Հայաստանում բողոքի այս ակցիան առանձնացնում են լրագողների հանդեպ բռնության սաստկությամբ: Որ լրագրողական հրապարակումները մեր երկրում չեն ընդունվում որպես հաղորդում հանցագործության մասին, ինչպես հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անհեթեթ է, ասում է փաստաբան Գրիշա Ռեվազյանը:

Անհեթեթ է նաեւ պարզաբանել, թե լրագրողները տուժել են, որովհետեւ պատշաճ հեռավորություն չեն պահպանել. որեւէ օրենք պատշաճ հեռավորություն ասվածը չի սահմանում:

Ցուցադրել ավելի
Back to top button