Հասարակություն

ՀՀ ոստիկանության հայտարարությունը

Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի և այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով: Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահի անհամաչափ սահմանափակումը: Առաջնորդվելով նշված իրավադրույթներով՝ հավաքը դադարեցնելու պահանջով ոստիկանությունը դիմել է հավաքի ղեկավարներին: Հավաքի ղեկավարների կողմից ոստիկանության պահանջը չի կատարվել: Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական հավաքը, որի համար սահմանվել է ողջամիտ ժամկետ: Հավաքի մասնակիցներին նախազգուշացվել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված հատուկ միջոցներ կիրառելու ոստիկանության լիազորության մասին: Ընդ որում՝ հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում:

Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողությունները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով:

Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝  հիմք ընդունելով  «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը:

Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ:

Ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաև լրագրողներ, որոնք հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ:

Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են կրել և ներկայացնել տարբերակիչ նշաններ ու համապատասխան փաստաթղթեր, չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:

Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Նույն օրենսգրքի 261-րդ հոդվածի ուժով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ կարող է կիրառվել «վարչական ձերբակալում» հարկադրանքի միջոցը:

Տվյալ դեպքում, որոշ լրագրողների կողմից օրենքով նախատեսված  պահանջներն անտեսվել են, ինչը և հանգեցրել է անցանկալի հետևանքների:

 

ՀՀ ոստիկանություն

Back to top button