Հասարակություն

«Զբաղվածության մասին» օրենքի կարեւոր փոփոխությունները

karenghazaryan

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է ներկայացրել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի եւ ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի թույլտվության մասով:

 

«Զբաղվածության մասին» օրենքի առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է սեզոնային աշխատողներին: Եթե նախկինում սեզոնային աշխատողները հանվում են զբաղվածության կենտրոնների հաշվառումից եւ զրկվում գործազուրկի կարգավիճակից, ապա նոր փոփոխություններով նախատեսվում է, որ սեզոնային աշխատանքի ավարտից հետո նրանք կրկին կարող են դիմել եւ ստանալ գործազուրկի կարգավիճակ:

«Նրանք նորից դառնում են գործազուրկներ եւ կարող են իրավունք ստանալ այլ ծրագրերով ընդգրկվել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ օրենքի կարեւոր փոփոխություններից մեկն էլ առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվին: Համաձայն այս դրույթի՝ պետական եւ ոչ պետական կազմակերպությունները պարտադիր պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի նորմատիվի պահանջը: Խոսքն այն կազմակերպություններին է վերաբերում, որոնք նախորդող տարում ունեցել են 100 եւ ավելի աշխատողներ:

«Պետական կազմակերպությունների համար քվոտան 3 տոկոս է, ոչ պետական կազմակերպությունների համար՝ 1 տոկոս»:

Ներկայումս այս ինստիտուտը գործում է, սակայն կիրառական առումով կան բարդություններ՝ ասաց Թադեւոս Ավետիսյանը՝ հավելելով, որ փոփոխություններով այդ բարդությունները լուծված են: Կազմակերպությունը կամ պետք է ապահովի սահմանված չափով աշխատատեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար, կամ մասնահանում կատարի յուրաքանչյուր չկատարած քվոտայի դիմաց 300 հազար դրամի չափով: Հակառակ պարագայում կազմակերպությունը վճարելու է վարչական տուժանքներ: Ոլորտի ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ զբաղվածության ծառայությունները գործազուրկին   նոր փոփոխություններով տալու են ոչ թե փոխհատուցում, այլ՝ օժանդակություն՝ գործատուներին այցելելու եւ իր համար հարմար աշխատատեղին ծանոթանալու նպատակով:

Անդրադառնալով «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններին՝ Թադեւոս Ավետիսյանը պարզաբանեց, որ այստեղ գլխավորը վերաբերում է աշխատանքի թույլտվության խնդրին: Հստակեցվել են մի շարք տարընթերցումներ: Օրինակ, որ գործատուն ինքն է դիմելու լիազոր մարմնին, եթե ցանկանում է ախատանքի ներգրավել արտասահմանյան երկրի քաղաքացու: Աշխատանքի լիազորություն տրամադրելու համար սահմանված է 25 հազար դրամ վճար: Լիազոր մարմինն էլ մեկն է լինելու, թե որ պետական մարմինը կստանա նման լիազորություններ՝ կառավարությունը դեռ որոշելու է:

Back to top button