Հասարակություն

Երազում ու հավատում եմ, որ մի օր կազատագրենք Շահումյանը.Խաչիկցի Արմեն

alisagevorgyan
Ռադիոլուրի հերթական հերոսը Արմեն Հարությունյանն է, ում երազանքն է ՝ կրկին ազատագրված տեսնել Շահումյանն ու Գետաշենը: 1990 թվականին նա հիմնադրել ու ղեկավարել է «Խաչեր» ջոկատը: Մասնակցել է Արենիի, Խաչիկի, Երասխավանի, Արծրունիի պաշտպանական մարտերին: 1991 թվականին ԼՂՀ Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանության ժամանակ վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս: 1992-93թթ. որպես արտահաստիքային թղթակից աշխատել է  ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունում: Ավելի ուշ ծառայության է անցել լրատվական ծառայության հեռուստահաղորդումների բաժնում: Ավելի քան երեսուն ֆիլմերի համահեղիանակ  է և բեմադրող օպերատոր: ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ է: Խաչիկցի Արմեն, շատերը նրան հենց այսպես են ճանաչում:

 

 

Վարդան Դևրիկյանը հրաշալի մի գիրք ունի՝ «Չսկսված, չավարտված պատերազմ»: Դժվար է ասել՝ երբ և ինչպես  սկսվեց  արցախյան պատերազմը, բայց  ադրբեջանցիների հետ Խաչիկ  սահմանամերձ գյուղի   պայքարը սկսվեց անասնագողությունից: Նրանք մեր ոչխարներն էին գողանում: Մի անգամ էլ մեր հովվին էին բռնել ու ծեծել: Անասնագողությունն աստիճանաբար վերածվեց մարդաորսի:  Խաչիկում շատ շուտ հասկացան իրավիճակի լրջությունը, որովհետև գյուղը, կարծեք, սեպի մեջ էր, չորս կողմը ադրբեջանական գյուղեր էին: Համբերության բաժակը լցվեց ու խաչիկցիները՝ զենք վերցրած, սկսեցին պայքարել,-պատմում է մեր հերթական հերոսը՝ Արմեն Հարությունյանը, շատերի համար պարզապես Խաչիկցի Արմենը:

«Մանկության տարիներին ես եղել էի Ստեփանակերտում, Լաչինում, բայց Արցախ աշխարհի հետ բուն ծանոթությունը տեղի ունեցավ Շահումյանում, որտես ես հասկացա՝ կամ կռվում ենք, կամ՝ ամեն ինչ կորցնում:  Ցավոք, մենք  կորցրեցինք Շահումյանը, բայց ես երազում ու հավատում եմ, որ մի օր այն կազատագրենք, Գետաշենում քոչարի կպարենք ու ես էլ հեռուստաեթերից կհայտարարեմ՝ աչքդ լո՛ւյս լինի, հա՛յ ժողովուրդ»:

Առաջին կուրսի ուսանող էի, երբ Վազգեն Սարգսյանի շնորհիվ հայտնվեցի ՊՆ լրատվության ծառայությունում: Մինչ այդ  արդեն թղթակցում էր, գրում հոդվածներ: Եղել էր Արցախում, վիրավորվել: Որպես զինվորական լրագրող,  նրա  առաջին աշխատանքը դարձավ էրքեջցի Կամոյի մասին պատմող ռեպորտաժը: Կամոն Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Կռվել էր Դևի, մեր առաջին ազգային հերոսներից  Ջիվան Աբրահամյանի հետ միասին: Զոհվել էր Էրքեջի պաշտպանության ժամանակ: Զոհվել էր նաև Կամոյի կինը: Սկզբում որպես զինվորական թղթակից, հետագայում իրավիճակի պարտադրմամբ նաև օպերատոր դարձած Խաչիկցի Արմենը շարունակում է.

«Ես բոլորի հոգին հանում էի, որպեսզի սովորեցնեն ինձ աշխատել տեսախցիկի հետ: Վերջապես դա հաջողվեց: Մի դիպվածի շնորհիվ ես հանդիպեցի Իրինա Օհանյանի հետ, ով նկարել էր «Վայրի աղջիկը» և դեռ  խորհրդային տարիներից ես նրան համարում էի մեր թատերարվեստի լավագույն դեմքերից մեկը: Երբեք մտքովս չէր անցնի, որ Իրինա Օհանյանը մի օր կլինի իմ ռեժիսորը և ես կլինեմ նրա ֆիլմերի բեմադրող օպերատորը: Վերջերս Իրինայի հետ հաշվեցինք և պարզվեց, որ միասին  23 ֆիլմ ենք ստեղծել: Այդ շարքում աենասիրելին ինձ համար, թերևս, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող «Հողի գույնը» ֆիլմն է:

Ընդհանրապես Լեոնիդի կերպարն է չափազանց հզոր՝ որպես մտավորական, որպես հայրենիքի իրական նվիրյալ: Նա այն մարդկանցից էր, որ մեր բանակը պրոֆեսիոնալ հիմքի վրա դրեց: Մեկ անգամ եմ շփվել նրա հետ: Ծխելու համար ինձ այնպիսի նկատողություն արեց, որ  նրա զոհվելուց հետո էլ Լեոնիդի  տղաների ներկայությամբ անգամ չէի ծխում:

Խոսելով մեր բանակի կայացման մասին, Արմեն Հարությունյանը  նշում է՝ դրանում կարևոր նշանակություն ունեցան Երասխավանի մարտերը: Մտավորական, հանցագործ, բժիշկ, գիտնական, թաղի լավ տղա, բոլոր նրանք, ովքեր զենք  էին վերցրել ու գնացել կռվելու, հենց Երասխավանում հասկացան պարզ ճշմարտությունը՝ իրենցից ոչ մի ուժ չեն ներկայացնում, երբ առանձին են: Նրանք ամուր  բռունցք և  ուժ են, երբ միասնական են: Մեր հաջորդ կարևոր հանգրվանն, ըստ նրա,  Շուշին էր: Շուշիի ազատագրման գործողությունն արդեն ձևավորված բանակին բնորոշ գործողություն էր: Մեր կամավորական տղաները հենց Շուշիում հասկացան, որ Արցախը պահելու և հաջողության հասնելու համար, այո՛, պետք և շարք կանգնել, և ենթարկվել պրոֆեսիոնալ մարդկանց հրամաններին:

Ցուցադրել ավելի
Back to top button