Տնտեսական

Գյուղացին գոհ է ծիրանի իրացումից

satikisahakyan

Արմավիրի մարզում սկսվել է ծիրանի բերքահավքը: Բերքն  այժմ արտահանվում է Ռուսաստան և Վրաստան: Արտահանողների առաջարկած գինը գոհացնում է գյուղացիներին. մեկ արկղի դիմաց վճարում են 4000 դրամ: Բերքի իրացման խնդիրների հետ կապված այսօր Արմավիրի մարզպետը մարզի  Խանջյան, Հացիկ և Այգեվան գյուղերի ծիրանի այգիներում զրուցել է այգետերերի հետ: Արմավիրի մարզում այս տարի սպասվում է 45000 տոննայից ավելի ծիրան։

Ծիրանի բերքատվությունը բարձր է, ապրանքային տեսքն ու համը՝ որակյալ: Մարզի ծիրանի այգիներում բերքահավաքը բնականոն ընթացք ունի: Այգիներում արդեն հանդիպում ենք բեռնատարների, որոնք  արևահամ ծիրանն արտահանում են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան:  Գործարարները այգետերերի հետ բերքն ամբողջությամբ գնելու նախնական պայմանավորվածություն ունեն։

Բերքառատ տարիների համեմատությամբ՝ գործարարներն այս տարի ավելի բարձր գին են առաջարկել այգետերերին՝ մեկ կիլոգրամը 400 դրամ կամ մեկ արկղը 4000 դրամ: Խանջյանի այգիներում միջին բերքատվությունը 10-15 տոննա է, թեպետ կան ավելի բարձր բերքատվությամբ այգիներ, որոնց բերքը գերազանցում է 40 տոննան, տեղեկացրեց Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը: Այգիների բերքատվությունը նաև հողերի գոտիավորմամբ և ծառերի տարիքով է պայմանավորված։

Արմավիրի մարզում 4156 հա ծիրանի այգիներից  3427 հա-ը պտղատու է, մնացածը՝ նորատունկ: Բարձրորակ բերքը պայմանավորված է կանոնավոր բուժման աշխատանքներով: Մարզում սպասվում է  ավելի քան 45000 տ ծիրանի արտադրություն:

Այգեվանի  գյուղացիական տնտեսություններն առաջարկեցին համայնքում տեղադրել հակակարկտային կայան, քանի որ մայիսի 28-ին տեղացած կարկուտը մասամբ  վնասել է այգիների մի հատվածը: Վնասված այգիների բերքը ծակոտավոր է, որն  արտահանման ենթակա չէ: Այն կիրացվի տեղի շուկայում և կմթերվի վերամշակող ձեռնարկությունների կողմից: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ կարկտաբեր ամպերի մուտքը կանխելու համար մարզում դեռ կտեղադրվեն հակակարկտային կայանններ:

Ծիրանի հասունացման հետ գինն էժանանում է, վերամշակող ձեռնարկություններում դեռ հայտնի չէ բերքի մթերման գինը: Գյուղացիներն առայժմ  գոհ են բերքի իրացումից:

Ցուցադրել ավելի
Back to top button