Քաղաքական

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մեղավորը Հայաստա՞նն է. ԵԽԽՎ- ում

arminegevorgyan

Հունիսի 23- ին ԵԽԽՎ-ում    քննարկվելու է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի և Թադեուշ Իվինսկու զեկույցը  Ադրբեջանում ժողովրդավարական  ինստիտուտների վերաբերյալ: Այս զեկույցը, ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի, նվիրված է Հայաստանին: «Ասել է, թե Ադրբեջանում ժողովրդավարությունը չի կայանում, քանի որ հայկական լոբբին է խանգարում։ Հայաստանի նպատակն է առաջին եվրոպական խաղերի տապալումը և այլ անհեթեթություններ»,- Ստրասբուրգից  «Ռադիոլուրի» հետ զրույցում  փոխանցեց  Նաիրա Զոհրաբյանը:

Զեկույցում, որը ներկայացվելու է նստաշրջանում խոսվում է Ադրբեջանում տիրող իրավիճակի, 80-ից ավելի քաղբանտարկյալների մասին։ ԵԽԽՎ-ի  դիմաց Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները ցույց են կազմակերպել Ալիևի և Ադրբեջանում տիրող բռնատիրական կարգերի դեմ:

«Ադրբեջանի կողմից վարձատրվող համազեկուցողներին ընդամենը պետք է այդ զեկույցում, որը բացարձակապես կապ չունի ոչ Լեռնային Ղարաբաղի հետ, ոչ էլ Հայաստանի, մեկ անգամ ևս արձանագրել Ադրբեջանի մոտեցումը, թե իբր Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է՝ «օկուպացված» Հայաստանի կողմից»։

Նաիրա Զոհրաբյանը կրկնեց՝ այս զեկույցի խնդիրը վաղուց  արդեն դադարել է լինել Ադրբեջանը, սա արդեն Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է և անձամբ իր համար դրանք արդեն նույն նժարի վրա են դրված:   Պատգամավորըւ նշեց նաև, որ հայկական պատվիրակությունն ամեն ինչ անելու է, որ այդ պարբերությունը Ադրբեջանին վերաբերող զեկույցից դուրս բերվի, իսկ  եթե դա չարվի, ապա իր ելույթում էլ նշելու է, որ Եվրոպայի խորհուրդը Ալիևի պատանդն է:

«Եթե ԵԽԽՎ պատգամավորները չնպաստեն նրան, որ նման անհեթեթ պարբերությունները հանվեն զեկույցից, ապա,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը,- Հայաստանը լրջորեն պետք է մտածի, թե ինչպես է կարգավորելու Եվրոպայի խորհրդի հետ իր հետագա հարաբերությունները»։

Ի դեպ՝ նստաշրջանում նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ելույթը, երկու զեկույց կա նվիրված խոսքի ազատությանը, դարձյալ քննարկվելու է Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից  զրկելու հարցը, որը հետաձգված էր մինչև այս նստաշրջան: Կքննարկվի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և, ըստ Նարիա .Զոհրաբյանի, խնդիրը կրկին կտեղափոխվի Ուկրաինա-Ռուսաստան բանավեճի դաշտ:

Ցուցադրել ավելի
Back to top button